երեքշաբթի, 28 ապրիլի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնյերոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ փոխգործակցության, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից։ Միաժամանակ, նա արտահայտվել է ոչ միայն առկա մակարդակը պահպանելու, այլև համագործակցությունն ավելի զարգացնելու և խորացնելու օգտին։
Ըստ պարոն Բիզոնյերոյի, չնայած վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, դեռևս որոշակի անելիքներ կան, մասնավորապես, պաշտպանական, արտակարգ իրավիճակների, մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, հակաահաբեկչության, էներգետիկ անվտանգության, համապատասխան օրենսդրական բարեփոխումների բնագավառներում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՆԱՏՕ-ի, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կառույցների, Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և անդամ երկրների կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, տրամադրվող խորհրդատվական և տեխնիկական օժանդակությունը։ Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, մեր երկիրը շահագրգռված է շարունակելու և զարգացնելու փոխգործակցությունը գործընկերության օրակարգի բոլոր բնագավառներում, որոնք ռազմավարական և պաշտպանական խնդիրների, ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում ներգրավվածության հետ մեկտեղ, ներառում են նաև տնտեսական անվտանգության, ճգնաժամային կառավարման, հանրային տեղեկատվության և այլ հարցեր։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության կազմում վերջերս ստեղծված արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը կօգնի առավել արդյունավետորեն լուծելու արտակարգ իրավիճակների պլանավորմանն ու աղետների արձագանքմանն առնչվող խնդիրները, որոնց շուրջ մեր երկիրն ակտիվորեն համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ։
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների մեղմման և հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։
Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ ճգնաժամը նաև հնարավորություններ է ստեղծում բարեփոխումների արագ իրականացման, այդ գործընթացում երիտասարդությանն առավել մեծ չափով մասնակից դարձնելու և ձեռնարկվող քայլերի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման համար։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն ուղղված վերջին զարգացումներին։