չորեքշաբթի, 29 ապրիլի 2009
Այսօր տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-30-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կազմկոմիտեի նիստ, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Քննարկվել և հաստատվել է առաջնության նախապատրաստման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ներկայացրած միջոցառումների նախագիծը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է առաջին անգամ Հայաստանում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Գերմանիան, Կուբան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և աշխարհի ավելի քան չորս տասնյակ այլ երկրներ։ Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությունը կվիճարկեն շուրջ 300 պատանի բռնցքամարտիկներ։
Կազմկոմիտեն հաստատել է նաև հաղթողների համար սահմանված մեդալի, գավաթի, բյուրեղապակյա ձեռնոց-հուշանվերի, աշխարհի առաջնության հուշամեդալի և կրծքանշանի նմուշները, աշխարհի առաջնության խորհրդանիշը (լոգո), այլ խորհրդանիշներ։ Նշվել է, որ Մոսկվայի լիցենզավորված լավագույն ֆիրմաներում պատվիրվել են օլիմպիական 2 ռինգ և բռնցքամարտի մասնագիտական գույք, պատրաստվում է նաև առաջնության գովազդային տեսահոլովակը։
Առաջնության նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացման վերաբերյալ որոշակի հանձնարարականներ են տրվել համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին։