շաբաթ, 2 մայիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանում բժշկական ծրագրերի զարգացման» ֆրանսիական կազմակերպության տնօրեն, դոկտոր Նորբեր Ավետյանին։
Քննարկվել են Հայաստանում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում «Հայաստանում բժշկական ծրագրերի զարգացման» կազմակերպության կողմից Երևանի քաղցկեղաբանության ֆրանսիական ինստիտուտի հիմնադրման նախագծի իրականացման հետ կապված հարցեր։
Վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը և, մասնավորապես, Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և կառավարությունը հավանություն է տալիս Երևանի քաղցկեղաբանության ֆրանսիական ինստիտուտի հիմնադրման նախագծին, որը հիշյալ կենտրոնի ստեղծման բաղկացուցիչ մասերից է։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ պարոն Ավետյանի ղեկավարած կազմակերպության ներկայացուցիչները ներգրավվել են Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի մեջ, որի շրջանակներում հնարավոր կլինի քննարկել նաև Երևանի քաղցկեղաբանության ֆրանսիական ինստիտուտի հիմնադրմանն առնչվող նախապատրաստական հարցերը։
Դոկտոր Նորբեր Ավետյանն ընդգծել է, որ քննարկվող բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում, ֆրանսիական կազմակերպությունը պատրաստ է Հայաստան բերել եվրոպական լավագույն սարքավորումներ և մեթոդիկա։ Հիմնադրումից հետո ինստիտուտում կաշխատեն նաև տեղի բարձր որակավորում ունեցող մեծ թվով մասնագետներ, ովքեր առաջիկա տարիներին պարբերաբար կվերապատրաստվեն Ֆրանսիայում։ Ըստ դոկտոր Ավետյանի, այսօր արդեն արտերկրի ներդրողները պատրաստ են որոշակի ներդրումներ կատարելու առաջարկվող նախագիծը Հայաստանում իրականացնելու համար։
Մեկ անգամ ևս նշելով Միջուկային բժշկության կենտրոնի և դրա շրջանակներում նախատեսվող ծրագրերի կարևորությունը մեր երկրի առողջապահության և գիտության զարգացման համար, վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է` ֆրանսիական կազմակերպության կողմից առաջարկվող նախագծի ներդրումային ծրագիրը, ժամանակացույցը ներկայացնելու դեպքում, հնարավորինս աջակցել ծրագրի իրականացմանը։