Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 մայիսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստը սկսելը, վարչապետը շնորհավորել է կառավարության անդամներին և արվեստասեր հասարակայնությանը` վերջին շրջանում համաշխարհային մեծության դեմքերի ու խմբերի մասնակցությամբ Հայաստանում անցկացված և առաջիկա օրերին նախատեսվող մշակութային միջոցառումների կապակցությամբ, ընդծելով դրանց կարևոր նշանակությունը ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 2009-2011թթ. զարգացման ծրագրերը հաստատելու մասին։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ՀՀ մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին, ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրին համապատասխան։ Հանձնարարվել է ՀՀ համապատասխան հանրապետական գործադիր իշխանության մարմիններին, ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն` որոշման հավելվածներում ճշտումներ կատարելու վերաբերյալ։ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին հանձնարարվել է նաև մեկամսյա ժամկետում մշակել մարզերի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքային պլանները և ներկայացնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, ինչպես նաև որոշմամբ հաստատված ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը։ Որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի վրա։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Երևանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը։ 2 օր ժամկետ է տրվել` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագծերը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ըստ որի Երևան քաղաքին տրվել է համայնքի իրավական կարգավիճակ, սահմանվել են ավագանու և Երևանի քաղաքապետի լիազորությունները։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։
Փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի N 922-Ն, ինչպես նաև 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշումներում, որոնք պայմանավորված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներով։
Նիստում որոշում է ընդունվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի (բաժնեմասերի) տնօրինման լիազորությունները ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու մասին։ Որոշումն ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի «Առնո Բաբաջանյան համերգասրահ» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ մշակույթի նախարարությանը։ Սահմանվել է, որ հիշյալ որոշումներն ուժի մեջ են մտնում 2009թ. հունիսի 1-ից։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին։ Փաստաթուղթը ներկայացնում է ոլորտում սոցիալական գործընկերության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները և առաջարկում բոլոր կողմերի շահերից բխող լուծումներ։ Հայեցակարգը նպատակ ունի նպաստելու ՀՀ կառավարության, գործատուների և արհեստակցական միությունների միջև համագործակցությանը, որի արդյունքում նախատեսվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի հեղինակության, ուսումնական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացում և շահերի պաշտպանություն աշխատաշուկայում, որն իր հերթին կհանգեցնի աղքատության հաղթահարմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
«1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 81 քմ մակերեսով, 267016 դրամ հաշվեկշռային արժեքով և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 231,9 քմ մակերեսով, 2072828 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված գույքը հանձնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, որից հետո, սահմանված կարգով, նշված տարածքները սեփականաշնորհել դրանցում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց։
Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի N 1 հանրակացարանային շենքի 11 բնակարանում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Դիանա Հայրապետովային, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր կողմից զբաղեցված 34,8 քմ մակերեսով բնակելի տարածքը սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի միջնորդությանը։ Սահմանվել է, որ նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 3-ի N 825-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է օդագնացության անվտանգության «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության կողմից օդանավերի սարքավորումներով հագեցվածության վերաբերյալ ներդրված պահանջներով։ Որոշմամբ հաստատված ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը լրացվել է լրացուցիչ աէրոնավիգացիոն պահանջներ սահմանող նոր գլխով, որոնք մշակվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և «Եվրոկոնտրոլ» միջազգային կազմակերպության կողմից հրատարակված փաստաթղթերի հիման վրա։ Որոշման ընդունմամբ ՀՀ օդային տարածքում կառավարվող օդանավերի թռիչքային անվտանգության ապահովումն ամբողջությամբ կհամապատասխանի միջազգային կազմակերպությունների կողմից ներդրված նոր պահանջներին։
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար 2009թ. մարտի 16-ին անցկացված ու ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. մարտի 30-ին հաստատված մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Անապատ-2» արտադրական կոոպերատիվ ընկերությանը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում, «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրենքների ընդունման նպատակը օրենսդրական այն նորմերի փոփոխությունն է, որոնք անհնար են դարձնում առևտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը։ Օրինագծերի ընդունման դեպքում առևտրային, այդ թվում` ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավելու ստորադաս փոխառու կապիտալ և այդ ճանապարհով բարելավելու իրենց ֆինանսական վիճակը։
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 23-ի N 1336-Ա որոշման համաձայն Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքը 2004թ. դեկտեմբերի 22-ին համապատասխան ակտով հանձնվել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 8-ի N 640-Ա որոշման մեջ։
Փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն մասնավորեցնելու մասին» N 1200-Ա որոշման մեջ, մասնավորապես, սահմանելով, որ գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչև 2012թ. հունվարի 1-ը ոչ թե ստեղծել 400 նոր աշխատատեղ, այլ ապահովել առնվազն 400 աշխատատեղ։
Գործադիրը հաստատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2009թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` 100 մլն դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով։ Որոշումն ընդունվել է` ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմանը համապատասխան։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է մասնավորեցնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության անվամբ պետական բաժնետոմսերը (1175 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 40 հազար դրամ անվանական արժեքով)` բանկի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, գնի միանվագ վճարման պայմանով, որը պետք է կատարվի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 7 բանկային օրվա ընթացքում։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ֆինանսների նախարարին։
ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը հաստատել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի «Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների։
Կառավարությունը որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի համապատասխան ծրագրերով ՀՀ սփյուռքի նախարարությանը նախատեսված ծախսերը բաշխել հետևյալ կերպ. «Գրականության հրատարակում»` 8 մլն 250 հազար դրամ, «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ»` 25 մլն դրամ, «Հայաստան-Սփյուռք հեռահար կոնֆերանսների կազմակերպում»` 1 մլն 500 հազար դրամ։
Նիստում կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. մայիսի 5-ին հաստատված մրցույթի արդյունքները` ըստ համապատասխան պայմանագրերի, հաղթող ճանաչելով «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և SAFEGE (Բելգիա) ու IRD Engineering (Իտալիա) կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկությունը։
Այս հարցի հետ կապված վարչապետը կարևորել է հիշյալ բանկերի կողմից տրամադրվելիք ֆինանսական միջոցների ժամանակին և արդյունավետ իրացումը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին, որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օգտին գործող երրորդ անձ, կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում հիշյալ ծառայության Երևանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար Հայաստանի փրկարար ծառայության նախագծով նոր տիպային շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 977-Ն որոշման մեջ։ Լիազորվել է Երևանի քաղաքապետին` որոշման մեջ նշված գործընթացի ավարտից հետո «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հետ կնքել վերոհիշյալ անշարժ գույքի օտարման պայմանագիր։
ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն և 2008թ. մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացում կատարելով, գործադիրը սահմանել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը միաժամանակ կարող է նշանակվել նախարարի առաջին տեղակալ։
Մեկ այլ որոշմամբ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է «Երևանի քաղաքապետարանի «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահել ՀՀ ոստիկանությանը, վերջինիս հանձնելով նաև Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության պետին։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. հունիսի 1-ից։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 88.1-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` կառավարությունը որոշել է Գաբրիել Գյոզալյանին ազատել ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից։

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ