ուրբաթ, 8 մայիսի 2009
Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող արտահերթ հատկացման հայտը և դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները և ամփոփ հաշվետվությունը։
«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների արտահերթ հայտով նախատեսվում է ընթացիկ եռամսյակի (ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 1 մլն 580 հազար 741 ԱՄՆ դոլարի չափով։ Լրացուցիչ ֆինանսավորումը, ըստ գլխավոր գործադիր տնօրենի, ստանալու դեպքում կուղղվի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգման ենթածրագրի շրջանակներում առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների 2008թ. կնքված 6 պայմանագրերով կատարվելիք վերականգնման աշխատանքների անխափան իրականացմանը։ Արա Հովսեփյանը նշել է, որ 2009 թվականին 6 պայմանագրերում ընդգրկված 16 ճանապարհային կապերում աշխատանքները վերսկսվել են ապրիլ ամսից։ Նախատեսվում է մինչև 2010թ. հունիսի 30-ը վերականգնել 272.9կմ ճանապարհահատված։ Կապալառու կազմակերպությունների կողմից մշակված ժամանակացույցի համաձայն, 2009թ. ապրիլ և մայիս ամիսներին կիրականացվեն 1 մլրդ 952 դրամի շինարարական աշխատանքներ։
Արտահերթ հատկացման հայտը` «ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի ՀՄԿ-ի հաստատմանը։
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների վերանայված պլանը, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի կառուցվածքային ամրապնդման ենթաբաղադրիչը գնահատելու նպատակով ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) և ջրօգտագործողների հետազոտության անցկացման խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը` հանձնարարելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում մեկ անգամ ևս քննարկել և, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ։
Նիստում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր։