ուրբաթ, 8 մայիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։
Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները։ Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչև Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի։
Մենք չենք կարող մոռանալ, որ հայ ժողովուրդն իր անունը փառքով պսակեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմում` արժանի ներդրում ունենալով ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի գործում։
Ամբողջ հայության համար հատկապես մեծ է մեր նորօրյա հաղթանակների` արցախյան ազատամարտում գրված հերոսական էջերի, սխրանքների նշանակությունը, որոնք նոր ժամանակներում հայոց ռազմագիտական մտքի, զենքի և ոգու սքանչելի դրսևորումներից են։
Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր անկախ պետականության ամրապնդման, համազգային նպատակների իրականացման, սերունդների անկանգ երթի։