երեքշաբթի, 12 մայիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Լիտոկոլ» ԱՄ ԿՈ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2007թ. և զբաղվում է երեսպատման կերամիկական սալիկների փակցման համար նախատեսված սոսնձի և ծեփամածիկի արտադրությամբ։ Հիմնադիր կապիտալի 60 տոկոսը ներդրել է հայկական, 40 տոկոսը` իտալական կողմը։ Նորագույն սարքավորումներով հագեցած ձեռնարկությունն ունի 35-40 աշխատատեղ, ապագայում այդ թիվը կկրկնապատկվի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով գործարանի սեփականատերերին, աշխատողներին և բոլոր ներկաներին, նշել է, որ ձեռնարկության հիմնումը վկայում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հնարավոր է զարգացնել բիզնեսը, ներդրումներ անել Հայաստանում, ուստի հայ-իտալական համագործակցության օրինակը կարող է վարակիչ լինել։ Նա կառավարության անունից հավաստիացրել է, որ նման ձեռնարկումներին մշտապես կցուցաբերվի համակողմանի աջակցություն։