չորեքշաբթի, 26 մարտի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Իվանչևին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Շնորհակալություն հայտնելով դեսպանին նրա պաշտոնավարության շրջանում համատեղ արդյունավետ աշխատանքի համար վարչապետը նշել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները վերընթաց զարգացման միտում ունեն։
Դեսպան Իվանչևը գոհունակությամբ հավաստել է վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ և սոցիալական կյանքում կատարվող դրական տեղաշարժերը, ընդգծելով, որ դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրա-տնտեսական առավել արդյունավետ հարաբերությունների հաստատման համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումների խթանման համար։ Ըստ նրա, այսօր որևէ խոչընդոտ չկա հայ-բուլղարական քաղաքական և տնտեսական կապերի հետագա խորացման ճանապարհին։
Նշելով, որ անցած տարիներին իր ողջ կարողությունները ներդրել է ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և պետությունների, պարոն Իվանչևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությյանը և վարչապետին իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ։