երեքշաբթի, 23 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ, շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ, շարունակվեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության լսումը: Վարչապետն առաջարկեց քննարկումն շարունակել նույն կարգով, ինչ մյուս նախարարությունների դեպքում էր՝ հաշվետվությունը, որ բաժանված է ներկաներին, թողնել մի կողմ և անցնել գործնական խոսակցության՝ անդրադառնալով առկա խնդիրներին ու բացթողումներին, նաև դրանց լուծման ուղիներին:
Նախարար Վարդան Խաչատրյանը անհրաժեշտ համարեց նախարարությունների ներքո գործող պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական հոսքերի մասին ամբողջական տեղեկատվության ստացումը, ինչը թույլ կտա հստակ պատկերացում ունենալ դրանց ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին, և այս տարվա ու նաև առաջիկա 2-3 տարիների համար դրանց հեռանկարները ճիշտ կանխատեսել ու պլանավորել: Նշվեց, որ այդ բաժնետիրական ընկերությունների մեծ մասը մինչ այժմ գործել են կարծես իբրև անկախ մարմիներ, պետությունը ժամանակին տիրոջ իրավունքով չի հետևել դրանց գործունեությանը, անհրաժեշտության դեպքում չի միջամտել և կանխել սխալ գործելաոճը, ինչի արդյունքն է նաև պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների այսօրվա ֆինանսատնտեսական ծանր վիճակը՝ թալանված, անտերության մատնված, պարտքերի մեծ բեռը ուսած:
Պետական ունեցվածքի կառավարման արդյունավետությունը ի վերջո բարձրացնելու և այստեղ հետևողականություն ցուցաբերելու հարցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը միանգամայն ընդունելի համարեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկը և հանձնարարեց ՀՀ արդյունաբերության և առևտրի, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարություններին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին մինչև 2001թ. մարտի 15-ը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների 2000թ. տարեկան փաստացի և 2001-2003թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումները՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ձևերին համապատասխան:
Իսկ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց մինչև 2001թ. փետրվարի 10-ը նշված նախարարություններին և գերատեսչություններին ներկայացնել ընկերություների 2000թ. ֆինանսատնտեսական հոսքերի ծրագրավորման համար մշակված ձևերը:
Ընդհանուր առմամբ, ֆինանսների և էկոնոմիակայի նախարարության ներկայացրած հաշվետվության արդյունքում արված եզրակացությունների հիման վրա վարչապետի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ՝ ուղղված տարբեր նախարարություններին: Դրանք ներառում են և՛ միկրո, և՛ մակրոտնտեսական քաղաքականության ոլորտը, և՛ տնտեսության պետական կարգավորման ու պետական սեփականության կառավարման ոլորտը և՛ ֆինանսական վերահսկողության, հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտները, և ապահովագրական համակարգը:
Մակրոտնտեսական քաղաքականության ոլորտի հետ կապված, նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ 2000թ. տնտեսության զարգացման միտումները ցույց տվեցին, որ տեղեկատվության անլիարժեք հոսքերը պատճառ հանդիսացան մակրոտնտեսական ցուցանիշների՝ ծրագրված մակարդակից շեղումների ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական հատվածում, ինչն ինքնին ստիպում է համակարգվածություն մտցնել գերատեսչությունների աշխատանքների մեջ:
Այդ ամենը հաշվի առնելով հանձնարարվեց ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝
ա/ ներկայացուցիչներ առաջարկել տնտեսության վերլուծության աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:
բ/ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և արդյունաբերության ու առևտրի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն բոլոր ներդրումային ծրագրերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ:
Այս և սրան հաջորդած մի շարք հանձնարարականները միտված են պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, կատարողական կարգապահության ուժեղացմանը, տնտեսության ճիշտ պլանավորման համար իրական պատկեր ունենալուն:
Շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ, մանրամասն քննարկելուց հետո ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունն ու առաջարկները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բավականին արդյունավետ համարեց քննարկման ընթացքը, կարևորելով նախարարների բարձրացրած խնդիրներն ու ներկայարած առաջարկները և այդ ամենի արդյունքում տրված հանձնարարականները, որոնց կատարման նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանվի: Այս ամենը հաշվի կառնվի 2001թ. ծրագրում:
Նախարարության անցած տարվա աշխատանքը գնահատելուղ առաջ, վարչապետը նախ անդրադարձավ անցած տարվա առանձնահատկությանը և քաղաքական, և տնտեսական լարվածության առումով՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Սակայն, ըստ վարչապետի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կարողացավ այդ իրավիճակից պատվով դուրս գալ՝ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելով 2001թ. պետբյուջեի մշակման վրա, դրան զուգահեռ հասցնելով մշակել օրերս կառավարությունում հաստատված բյուջեի կատարումն ապահովող միջոցառումներն ըստ համամասնությունների, տարվա ընթացքում նաև մեծ աշխատանք տանելով ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000թ. գործունեությունը գնահատեց բավարար՝ մաղթելով նախարար Վարդան Խաչատրյանին նույն սկզբունքայնությամբ շարունակել պայքարել իր գլխավորած ոլորտի հետ կապված որոշումների իրագործման համար: