հինգշաբթի, 27 մարտի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Իսսե Նոմուրային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով պարոն Նոմուրային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ասիական տարածաշրջանի առաջատար երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ համագործակցության սերտացմանը: Ըստ նրա, որպես տարածաշրջանում առավել կայուն երկիր, Հայաստանը կարող է վստահելի գործընկեր դառնալ Ճապոնիայի համար: Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի տնտեսական, մշակութային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված դրամաշնորհների, արտոնյալ վարկերի տրամադրման համար, վարչապետն ընդգծել է երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ ներդրումային ծրագրերի իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը:
Դեսպան Իսսե Նոմուրայը, համաձայնելուվ վարչապետի տեսակետին, նշել է, որ Ճապոնական կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ ավելի սերտ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմամբ:
Որպես երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր ու հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են մասնավորապես հանքարդյունաբերության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, սեյսմիկ պաշտպանության բնագավառները:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին՝ գործունեության ամբողջ ընթացքում: