ուրբաթ, 29 մայիսի 2009
Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները
Հունիսի 2-ին հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները։ Տիգրան Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ։
Աննախադեպ որոշում
Տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ փուլում ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության արդի մարտահրավերները հնարավորինս արագ հաղթահարելու, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների շահերը համակողմանի պաշտպանելու նկատառումով և ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ կառավարությունը որոշել է, որ 2009թ. հունիսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ը «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, 2008թ. արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսնված դեպքերի, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի` միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, ՓՄՁ ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա, ՓՄՁ սուբյեկտը լուծարելիս։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սա իրոք աննախադեպ որոշում է, որը կայացնում է այսօր կառավարությունը։ Մենք այս որոշումը կայացնում ենք ՀՀ նախագահի հանձնարարականով` նպատակ ունենալով առավել բարենապաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին ձեռնարկությունների համար` ճգնաժամի բացասական ազդեցությունները հաղթահարելու նպատակով։ 2009-2010թթ. մենք դադարեցնելու ենք ՓՄՁ-ների տեսչական ստուգումները։ Շուրջ 22 տեսչական ստուգում իրականացնող մարմին կա ՀՀ-ում։ Բացառությունը վերաբերելու է այն դեպքերին, երբ մենք գործ ունենք մարդկանց առողջության, պետության անվտանգության ապահովման հետ։ Բայց այդ բացառիկ դեպքերն էլ լինելու են վարչապետի հսկողությամբ և միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ։ Համոզված եմ, որ մեր հակաճգնաժամային դիմադրողականությունը այս առումով կավելանա»։
Հրատապ հարցեր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն սահմանված կարգով կներկայացնի ԱԺ։ Իրավական այս ակտով առաջարկվում է 2010թ. պետբյուջեի նախագծի ձևավորման գործընթացից սկսած սահմանել, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացվող առաջիկա տարվա պետբյուջեի մասին օրենքի նախագծում պետբյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել ՀՀ կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա ՀՆԱ-ի 7.5 տոկոսը (ներկայումս օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն), ինչը միտված է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. « Հարցը համարում ենք անհետաձգելի, քանի որ խնդիր ունենք ծախսելու այն ֆինանսական միջոցները, որ ներգրավելու ենք։ Այս տարի մեր բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը որակապես տարբերվելու է նախորդ տարիների բյուջեների դիֆիցիտի ցուցանիշից այն պատճառով, որ շուրջ 300 մլրդ դրամի միջոցներ ենք ներգրավելու այս տարվա ընթացքում։ Դա և ռուսական վարկն է, և Համաշխարհային բանկի աննախադեպ վարկային փաթեթները, Ասիական բանկի և արժութային հիմնադրամի միջոցները։ Դրա համար անհրաժեշտություն կա շտապ այս փոփոխությունը կատարել, որպեսզի կարողանանք 2009թ. բյուջեն կատարել ավելի մեծ ծավալներով։ Բնականաբար, բյուջետային ծախսերի կատարումն ինքնըստինքյան մեծ հակաճգնաժամային բովանդակություն ունի, քանի որ բյուջեի ծախսերը խթանում են համախառն ներքին արդյունքի աճը։ Դրա համար մենք մտադիր ենք այս օրենքի նախագիծը շտապ ներկայացնել ԱԺ»։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2009թ. հունիսի 2-ին ժ. 1200-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
2. Միջազգային պայմանագրի վավերացում. «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր ( 20-ը մայիսի 2009թ., ք. Մոսկվա),
3. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.«Հիմնական հարցը, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, պատգամավորներին, այն է, թե ինչպես ենք ծախսելու այս 500 մլն դոլարը։ Մի մասը մենք ծախսելու ենք բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, մասնավորապես, աղետի գոտում շուրջ 24 մլրդ դրամի վերականգնողական աշխատանք ենք իրականացնելու, շուրջ 15 մլրդ դրամ ՓՄՁ ՁԱԿ-ին ենք տրամադրելու։ Այս միջոցներից վարկեր ենք տրամադրելու համակարգաստեղծ գործարաններին, եթե դրանք կունենան ժամանակավոր դժվարություններ` պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, ձևավորելու ենք կայունացման հիմնադրամ ԿԲ-ում։ Այդ միջոցների մի մասը պլանավորում ենք օգտագործել 2010թ. բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, իսկ մյուս մասը ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներին։ Սա ընդհանուր առմամբ բարձրացնում է մեր մակրոտնտեսական ֆինանսական կայունությունը և, բնականաբար, ավելի բարենպաստ միջավայր ստեղծում դրական սպասումներ ձևավորելու համար։ Երեքշաբթի օրը կունենանք ԱԺ-ի արտահերթ նիստ և կփորձենք մեր ԱԺ գործընկերներին ներկայացնել այս նախագծերի անհրաժեշտությունը և դրանից հետո կստանանք 500 մլն դոլարը։ Սրանք ազատ միջոցներ են, և դրանք ծախսելու որևիցե նախապայման չկա, այս գումարները ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու նպատակին»։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ, ինչպես նաև «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասերին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն սույն որոշման N2 հավելվածի, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N1573-Ն որոշման N1 և N5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման N1 և N2 հավելվածների։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան որոշել է ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի` վերը նշված N1573-Ն որոշման N1, N5 և N5բ հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման NN1-3 հավելվածների։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Այս որոշումը նպաստելու է, որպեսզի մենք կարողանանք ավելացված արժեքի հարկը վերադարձնել մեր ձեռնարկություններին։ Իսկապես սա հակաճգնաժամային բովանդակություն ունի, ավելացված արժեքի հարկի վերադարձն ուշացնելու ամեն մի օրը այդ ձեռնարկությունների համար խնդիրներ է ստեղծում և 15 մլրդ նախատեսելով մենք կկարողանանք ավելի օպերատիվորեն այդ գումարները նրանց վերադարձնել»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Խնդիրը վերաբերում է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որին համաձայն չէ ՀՀ կառավարությունը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Հարգելի գործընկերներ, սա բանավիճային խնդիր է և կարծում եմ, որ խորհրդարանում լինելու են դեբատներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի խոշոր ձեռնարկությունները անպայման 2009թ. իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ունենան արտաքին աուդիտի եզրակացություն և հրապարակեն մամուլում։ Հիմա մեր գործընկերները առաջարկում են, որ 500 մլն դրամից ավելի ակտիվ ունեցող ձեռնարկությունները, որոնք չեն աշխատում, այդպիսի աուդիտ չանցկացնեն։ Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում ճգնաժամի կողմից տրվող հնարավորություններից` իրականացնել լուրջ փոփոխություններ խոշոր ձեռնարկություններում, որովհետև եթե ձեռնարկությունը ունի 500 մլն-ից ավելի ակտիվ ու չի աշխատում, ապա անհրաժեշտ է, որպեսզի սեփականատերը զբաղվի այդ գործարանի ապագայով, ջանքեր ներդնի, միջոցներ ներդնի, որպեսզի վերակառուցում իրականացնի այդ գործարանում։ Եվ սա կոնցեպտուալ մոտեցում է։ Սեփականատերերը, որոնք ունեն 500 մլն դրամից ավելի ակտիվներ, պարտավոր են գործողություններ իրականացնել, որպեսզի այդ ակտիվները աշխատեն, իսկ առանց արտաքին աուդիտի դա հնարավոր չէ։ Մեզ համար սա կարևոր միջոցառում է և եթե այդ սեփականատերերը չեն կարողանում տնօրինել այդ ակտիվները, նրանք հնարավորություն ունեն օտարելու դրանք։ Ընդհանրապես չաշխատող ակտիվների նկատմամբ պետությունը պետք է լինի խստապահանջ։ Չաշխատող գույքի դիմաց սեփականատերերը պետք է վճարեն, նրանք պարտավոր են ծախսեր իրականացնել, մանավանդ ճգնաժամի ժամանակ»։
Միջուկային խնդիրներ
ՀՀ կառավարությունը իր արձանագրային որոշումով հավանություն է տվել «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների» պետական գնման NԾՁԲ-09/22 պայմանագրին։ Որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N53 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրային որոշումից, որով հավանություն էր տրվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարվող ընկերության ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքներին։ Որոշման ընդունումից հետո կառավարող ընկերության մրցույթում հաղթած ընկերության հետ կկնքվի ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.«Մենք, հարգելի գործընկերներ, բավականին լուրջ գործընթաց ենք սկսում։ Հասկանալի է, որ ՀՀ-ն ժամանակակից ատոմակայանով որակապես այլ հնարավորություն է ստանալու։ Մենք մեր տնտեսության համար որակապես այլ միջավայր ենք ձևավորում։ Հայաստանը ատոմակայանով ժամանակակից այլ երկիր է լինելու, իսկ ատոմական չկառուցելու դեպքում, իհարկե, մեր մրցակցային առավելություններն էապես կնվազեն։
Այնպես որ, Աստված մեզ օգնական»։
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին ՀՀ օրենքի» 16-րդ հոդվածին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է այդ օրենքով նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորող մարմին ճանաչել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն։ Մի քանի այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել տարբեր տարիներին իր իսկ ընդունած որոշումներում՝ դրանք համապատասխանեցնելով միջուկային էներգետիկային առնչվող օրենսդրական նոր ակտերին։
Միջազգային համագործակցություն
Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել Թվինինգ ծրագրային առաջարկների պատրաստման և հաստատված ծրագրերի իրականացման կարգը, ծրագրերի իրականացման խորհրդի աշխատակարգը, սահմանել, որ նշված և այլ գործիքների ծրագրային առաջարկները Եվրոպական Հանձնաժողով են ներկայացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության միջոցով, իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվության հետագա փոփոխանակումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նույն գործակալության մասնակցությամբ։
2004թ. հունիսի 14-ին ԵՄ ընդհանուր և արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշեց Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկել Եվրոպական հարևանության քաղաքականություն, ինչի շնորհիվ Հայաստանը գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից դարձավ ԵՄ հարևան երկիր։ Եվրոպական հարևանության շրջանակում 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում ստորագրվել և հաստատվել է ՀՀ-ԵՄ համատեղ գործողությունների ծրագիր, որի իրականացման համար եվրոպական կողմը Հայաստանին տրամադրում է ֆինանսական աջակցություն, որն իրականացվում է Եվրոպական Հարևանության և Գործընկերության Գործիքի (ԵՀԳԳ) միջոցով։ Ներկայումս Հայաստանին հասանելի են ԵՀԳԳ ներքո իրականացվող Թայեքս, Թվինինգ և Սիգմա ծրագրերը։ Թվինինգ ծրագիրը Եվրոպական Հանձնաժողովի համագործակցության միջոց է, Եվրամիության անդամ երկրների պետական մարմնի կամ կառույցի և ՀՀ համապատասխան մարմնի միջև որևէ ոլորտում պարտադիր արդյունք ապահովող համագործակցություն։ Թվինինգ ծրագրի նպատակն է շահառու երկրներին աջակցել մշակելու և ստեղծելու համապատասխան կառուցվածքով, մարդկային ռեսուրսներով և կառավարման գիտելիքներով ժամանակակից և արդյունավետ վարչական մարմիններ՝ նպատակ ունենալով հասնել ԵՄ օրենսդրության նույն չափանիշներով կիրառմանը, ինչ ԵՄ անդամ երկրում։ Շահառու մարմինը ՀՀ նախարարություն, գերատեսչություն կամ պետական կառավարման այլ մարմին է, որի ներկայացրած Թվինինգ ծրագրային առաջարկը համարվել է առաջնային և սկսվել է Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման աշխատանքը։
Արձանագրային որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «Արտաքին օգնության արդյունավետությունը բարձրացնելու մասին Փարիզյան հռչակագրին» ՀՀ միանալու և այդ նպատակով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման օժանդակության կոմիտեի նախագահին դիմելու ՀՀ ֆինանսների նախարարի առաջարկությանը։ Հռչակագրի նպատակը այդ փաստաթղթին միացող (գործընկեր) երկրներում ձևավորումը և/կամ զարգացումն է այնպիսի համակարգերի, որոնք կնպաստեն այդ երկրներում աղքատության և անհավասարության նվազեցմանը, տնտեսական աճին, հազարամյակի զարգացման նպատակներին արագ տեմպով հասնելուն։ Փաստաթղթով ամրագրվել է, որ այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել տրամադրվող օգնությանը և զարգացմանը նպաստող այլ միջոցների ծավալը, ինչպես նաև զգալիորեն բարձրացնել տրամադրվող օգնության օգտագործման արդյունավետությունը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N4267-AM վարկային ծրագրի շրջանակներում անցկացված «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքերի վերանորոգման մրցույթների արդյունքները, որոնց համաձայն հաղթող են ճանաչվել համապատասխանաբար «Ռուստիկա լենդ» ՍՊԸ-ն, «Միլաքս գրուպ» ՓԲԸ-ն և «Արարիչ» ՍՊԸ-ն։
Գործարար միջավայրի բարելավում
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2003թ. նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N1779-Ն որոշման մեջ։ Իրավական այս ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ գործարար միջավայրի բարելավման, մասնավորապես արտաքին առևտրի մասնակիցների կողմից մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի համար օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտությամբ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը իր պահուստային ֆոնդից գումար է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների, օդանավերի վերգետնյա, աերոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց 2009թ. ընթացքում վճարումներ կատարելու նպատակով։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել իր 2002թ. հունվարի 7-ի «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N5 որոշման մեջ։ Դրանով սահմանվում է, որ բնակչությանը ծառայություն մատուցելիս կանխիկ դրամով կատարվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է նաև կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորվող «Տեղական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում», «Ռիելթորական գործունեություն» և «Անշարժ գույքի գնահատում» ոլորտներում։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման 19-րդ կետի «բ» ենթակետի պահանջները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N138-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված չափաքանակները և որոշման N1 հավելվածի 5.5-րդ կետի դրույթները, հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորվող հանձնաժողովի 2007թ. մարտի 1-ի N61-Ա որոշմամբ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված սակագները, ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել 2009թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցության չափաքանակները և ընդունել ի գիտություն, որ համապատասխան որոշումներով միավորվել են մի շարք ջրօգտագործողների ընկերություններ։
Նվերներ Հայաստանի բնակչությանը և Երևան քաղաքին
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով Երևան քաղաքին են փոխանցվում (նվիրաբերվում են) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում այդ պահին հաշվառված գույքը, այդ թվում Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը՝ Արգիշտիի փողոցի 1 հասցեի շենքը, անշարժ գույքի համար առանձնացված հողամասերով հանդերձ, թվով 31 պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի լիազորությունները, դրանց ամրացված գույքը, այդ թվում՝ անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը, ՀՀ 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը և այլն։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը որոշել է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին թույլատրել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Նոր Նորք ուսանողական ավանի 1-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի հանրակացարանային մասնաշենքերից ձեռք բերել անշարժ գույքը և շենքերի զբաղեցրած հողամասերը և հանձնել ՀՀ ԿԱ «Պետական գույքի կառավարման աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը և նվիրել այդ տարածքում բնակվող տեղաբնակ անձանց՝ նպատակ ունենալով բարելավել նրանց կենցաղային պայմանները։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը սահմանված կարգով ուժը կորցրած է ճանաչել «Նատալի ֆարմ» և «Ֆարմ-էքսպրես» ՍՊԸ-ներին տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիաները, ոչ բավարար մասնակցության պատճառով չեղյալ հայտարարել Երևանում անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը նվիրված սեմինարը, հաստատել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական (կրթական) ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2009-2010թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը, հիմնադրել «Գյումրու N4 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվել մի շարք քաղաքացիների, հավանություն տվել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետին և ՀՀ ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Սառնաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն և ֆինանսավորել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 88.1-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ -728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ ՀՀ կառավարությունը որոշել է Սարգիս Սահակյանին նշանակել ՀՀ Արագածոտնի մարզպետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել արդյունավետ աշխատանք։