երկուշաբթի, 1 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գեղագիտական ազգային կենտրոնում կազմակերպված «Ես օրինական պետության քաղաքացին եմ» թեմայով հանրապետական ցուցահանդես։
Ցուցահանդեսին նախորդել է հանրապետական մրցույթ, որին բոլոր մարզերից մասնակցել են 5-11-րդ դասարանների աշակերտներ։ Նրանք նկարների միջոցով աշխատել են ներկայացնել իրենց պատկերացումները ՀԴՄ երևույթի մասին, պատկերել, թե ինչպես մեր քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին։ Լավագույն է ճանաչվել երկու աշխատանք, ևս 5-ն արժանացել է մրցանակի։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի դաստիարակելը չափազանց պատասխանատու գործ է, և այդ գործը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես քաղաքացի, որպես երկրի տեր և հասկանում են, թե պետությունն ինչպես է կառուցված, ինչ կառույցների միջոցով է աշխատում, ինչպես են ձևավորվում պետության եկամուտները։ Այսօրվա միջոցառումն ունի նաև դաստիարակչական բովանդակություն, այսպես անկաշկանդ ձևով երեխաների մոտ նաև խաղի տեսքով ձեավորվում են ուժեղ պետություն ունենալու սկզբունքները և դրան հասնելու ճանապարհը»,- նշել է Տիգրան Սարգսյանը։