երեքշաբթի, 9 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին մասնակցող կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։
Միջպետական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են երկու տասնյակ հարցեր։ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով։ Այսօր կեսօրին տեղի է ունեցել վարչապետների հանդիպումը նեղ կազմով։ Ընդլայնված կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը ԵվրԱզԷՍ-ի երկրներին կոչ է արել միավորել ջանքերը ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։ Այնուհետև ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները։
Նիստի ավարտից հետո ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր և որոշումներ, այդ թվում` «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու մասին» պայմանագիրը, հաստատել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների ծրագիրը։
Հակաճգնաժամային հիմնադրամը կսկսի գործել արդեն 2009թ.-ին։ 2009թ.-ին կգործի նաև ԵվրԱզԷՍ-ի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որի հիմնական նպատակն է աջակցել գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության զարգացմանը։
ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության ձևաչափերով նախատեսվող առաջիկա միջոցառումները կնպաստեն ինտեգրման գործընթացների արագացմանը և ԵվրԱզԷՍ-ի մասնակից պետությունների տնտեսությունների վրա համընդհանուր ճգնաժամի բացասական ազդեցության նվազման ուղղությամբ համատեղ ջանքերի մեծացմանը։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կայացել է հանդիպում գործարարների հետ, որտեղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել «Հայաստան. ապագայի ռազմավարություն, երեք ամիս անց» զեկուցումով։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան։