ուրբաթ, 12 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է փոխանցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ողջույնը և բարեմաղթանքը։
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Զրույցի սկզբում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը ասել է, որ Հարավկովկասյան երկաթգծի ղեկավարությունը և հայ գործարարները բացել են երկաթուղու կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացված արտադրանքն արդեն այսօր մեծ պահանջարկ ունի։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ երկաթուղային ներքին ցանցի զարգացման և կոնցեսիոն պայմանագրի կատարման հարցերին։ Ծրագրվում է այս տարի շարունակել վերականգնողական աշխատանքները։ Վլադիմիր Յակունինը վստահեցրել է , որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի կարող խոչընդոտել ծրագրերի իրականացմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը։ Նախագծի մանրամասն ուսումնասիրման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը այս ամսվա վերջին կգումարի իր առաջին նիստը և կքննարկի ինչպես ծրագրի ֆինանսավորման, այնպես էլ շահագրգռված երկրների մասնակցության հարցերը։
Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել տրանսպորտի դերը երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում և պայմանավորվել այսուհետև ևս ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի երկաթուղու զարգացման խնդիրները։