երեքշաբթի, 16 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի` Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը։ ՀՀ վարչապետը շրջել է հիմնովին վերակառուցված մասնաշենքում, որը պետական բժշկական համալսարանին է տրամադրվել ՀՀ կառավարության որոշմամբ` բուհին նախկինում պատկանող յոթերորդ մասնաշենքի փոխարեն։ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է շենքային պայմաններին եղել է նաև միջազգային փոխանակման ծրագրերով Հայաստան ժամանած ուսանողների, դասախոսների, հյուրերի համար նախատեսված հյուրանոցային հարկաբաժնում։ Հանրակացարանը հագեցած է տեխնիկական պատշաճ միջոցներով, անվտանգության համակարգով։ Ներկայումս բուհի տրամադրության տակ են ուսանողական ավանի հինգերորդ և վեցերորդ մասնաշենքերը` մոտ 300 սենյակներով և ավելի քան 600 ուսանողի կենցաղի կազմակերպման հնարավորություններով։ Շենքը հիմնանորոգվել է բուհի` վճարովի համակարգից առաջացած միջոցներով։
ՀՀ կառավարության ղեկավարն արդարացված է համարել ՀՀ կառավարության որոշումը` նշելով, որ կարևորը ուսանողների գնահատականն է։ «Կարծում եմ, որ մեր սերնդի ուսանողներն, ովքեր ապրել են հանրակացարանում, միայն կերազեին նման պայմանների մասին։ Ես Լենինգրադում ապրել եմ հանրակացարանում, և այսպիսի պայմանների երբևիցե չեմ հանդիպել։ Տպավորիչ է այն, ինչ այսօր տեսանք։ Սա մեր ուսանողների համար հնարավորություն կստեղծի, որպեսզի ամբողջությամբ տրվեն գիտությանը, սովորելուն, գիտելիքին »,-ասել է ՀՀ վարչապետը։