ուրբաթ, 18 ապրիլի 2003
Ս.թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2003-2005 թվականների ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 12 բարեգործական ծրագրեր: Մասնավորապես, քննարկվեց և հաստատվեց «Բժիշկներ առանց սահմանների - Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնա֊ճյուղի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում և Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Արծվաբերդ ու Բագրատաշեն գյուղերում իրականացվող բժշկական ծրագիրը։
Քննարկվեցին և հաստատվեցին «Տիրամայր Հայաստանի կուսաստան» հասարակա֊կան կազմակերպության կողմից իրականացվող «Ամառային ճամբար», «Պողոսյան կրթահամալիր» և «Աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագրերը, որոնց նպատակն է կազմակերպել անապահով ընտանիքների շուրջ 750 երեխաների ամառային հանգիստը` կուսաստանի Ծաղկաձորում գտնվող ճամբարում, կրթահամալիրում կազմակերպել 6-20 տարեկան 65 միակողմանի և երկկողմանի որբ երեխաների կրթությունը` ապահովելով նրանց սննդով և հագուստով, «Աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի առավել կարիքավոր ընտանիքներին ապահովել սննդով և հագուստով։
Հաստատվեց նաև Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող փախստականների կենսական պայմանների բարելավման ծրագիրը, որի շրջանակներում 180 փախստական ընտանիքներ կապահովվեն բնակարանով:
Նիստում քննարկվեց Ամերիկյան կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվող «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» ծրագիրը։ Այս փորձնական ծրագրի հիմնական նպատակը մանկական հիվանդությունների ինտեգրացված վարումն է։
Քննարկվեցին և հաստատվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանի շախմատի տան կաթսայատան և ջեռուցման համակարգի մոնտաժման ու Գյումրիի N 2 երաժշտական դպրոցի շենքի ամրացման և վերակառուցման ծրագրերը:
Քննարկվեցին նաև 18 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի և նախկինում հաստատված ծրագրերի համար զգալի նշանակություն ունեցող գործարքների մասին հարցեր: