երեքշաբթի, 22 ապրիլի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար Լինաս Լինկևիչյուսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-լիտվական համագործակցության ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել, ստորագրվել են համաձայնագրեր, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու պետությունների երկկողմ կապերի հետագա զարգացման համար: Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ընդհանուր անվտանգությանն ուղղված Հայաստանի ջանքերը և այդ համատեքստում ողջունելով հայ-լիտվական ռազմական գործակցության խթանումը Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև երկու պետությունների միջև ավելի լայն՝ հատկապես տնտեսության տարբեր ոլորտներում կապերի ու հարաբերությունների զարգացումը:
Համաձայնելով վարչապետի հետ, Լիտվայի պաշտպանության նախարարը վկայակոչել է եվրամիությանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում իր երկրի կուտակած փորձը՝ ոչ միայն ռազմական, տնտեսական, այլև ժողովրդավարական, իրավական արժեքների ձեռքբերման գործում և պատրաստակամություն է հայտնել այդ փորձը փոխանակելու Հայաստանի հետ: Նախարարը նշել է, որ լիտվացի զինվորականներն իրենց մասնակցությունը կբերեն այս տարվա հունիսին մեր երկրում՝ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվելիք զորավարժություններին, որը կդառնա այդ ուղղությամբ գործնական քայլերից մեկը:
Հանդիպման ընթացքում որպես համագործակցության հնարավոր ոլորտներ, կողմերը նշել են նաև էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ բնագավառները: