ուրբաթ, 26 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցության կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Կապանի ներկայացուցչություն, որը ստեղծվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։
ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային կենտրոնի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը։
«Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ ՓՄՁ աջակցության համակարգի հզորացումը առանցքային է` տեղի տնտեսական զարգացմանն աջակցելու և համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը տեղական մակարդակում հաղթահարելու համար», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
ՓՄՁ ԶԱԿ-ը պետական աջակցության ծրագրեր է իրականացնում շուրջ 5 տարի, ունի տասը մարզային մասնաճյուղ։ Կենտրոնի նորաբաց մասնաճյուղում տեղի գործարարները հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի և ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հետ։ Ներկայացուցչությունը կօգնի իրականացնել տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրեր, տրամադրել աջակցություն սկսնակ գործարարներին, ինչպես նաև օգնել տեղի փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ներկայացվող ծրագրերի իրականացմանը։