ուրբաթ, 3 հուլիսի 2009
«ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղն այսօր տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Կառավարական օթյակում խաղին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ֆուտբոլային մրցաշարի անցկացման նպատակն է նպաստել գործադիր մարմինների աշխատակիցների ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, խորացնել ֆուտբոլի մասսայականությունը ՀՀ գործադիր մարմինների աշխատակիցների շրջանում և աջակցել սպորտում «Արդար խաղ» և «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը։ Մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին, մասնակցել են մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր։
Եզրափակիչ փուլում հանդես են եկել ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլային թիմերը։ 6։0 հաշվով հաղթող է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության թիմը, որն արժանացել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009» մրցանակին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով բոլոր մասնակիցներին սպորտային մեծ տոնահանդեսի առթիվ, հաղթող թիմին է հանձնել գլխավոր մրցանակը։
Մրցանակներ և պարգևներ են հանձնվել երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին, լավագույն խաղացողին, լավագույն հարձակվողին, լավագույն դարպասապահին, լավագույն պաշտպանին, լավագույն կիսապաշտպանին, ամենակարգապահ թիմին, իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից մրցանակ է հանձնվել լավագույն քաղաքացիական ծառայող ֆուտբոլիստին։