երկուշաբթի, 6 հուլիսի 2009
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ՄԱԿ-ի «Աղքատության և բնապահպանության նախաձեռնություն» ծրագրի վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են ինչպես ՀՀ կառավարության անդամներ, այնպես էլ ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային ներկայացուցիչներ` ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգի գլխավորությամբ։ Աղքատության և բնապահպանության նախաձեռնությունը սկսել է իրագործվել 2008թ. դեկտեմբերին Սլովակիայում հրավիրված սեմինարի ժամանակ։ Այնուհետև ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից առաջարկ է ստացել աջակցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) իրավասության ներքո աղքատության հաղթահարման և շրջակա միջավայրի պաշտպանության հատուկ խմբի ստեղծմանը։ Դիրկ Բոբերգը տեղեկացրել է, որ այդ առաջարկի հիման վրա ՄԱԶԾ տարածաշրջանային խումբը այժմ գնահատող պատվիրակության միջոցով հստակեցնում է ԿԶԱԽ-ին տեխնիկական օգնություն ցույց տալու մեխանիզմները և դրա իրականացման ուղղությունները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր առաջարկին դրական արձագանքելու համար և հավաստիացրել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աղքատության հաղթահարմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը և հնարավորինս աջակցելու է ՄԱԶԾ հայաստանյան խմբի զարգացման գործողություններին։