երեքշաբթի, 7 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սթիվեն Ալլենին։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, ողջունելի համարել նախատեսվող ծրագրերում աջակցությունից դեպի զարգացում անցման միտումը։ Ըստ Տիգրան Սարգսյանի, 2010-2015թթ. համար նախատեսվող ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանում առավել արդյունավետ կերպով իրականացնել կանանց և երեխաների վիճակի շարունակական բարելավման գործընթացները։
Սթիվեն Ալլենը նշել է, որ ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության հետ համագործակցության դրական փորձը և համոզմունք հայտնել, որ այն, համահունչ լինելով ՄԱԿ-ի զարգացման աջակցման ձևաչափի (UNDAF) գերակայությունների հետ, կօգնի կառավարությանը տեղական կարողությունների զարգացման, ապակենտրոնացման և պլանավորման միջոցով լուծել այնպիսի փոխկապակցված հարցեր, ինչպիսիք են` աղքատության կրճատումը և երեխաների պաշտպանության ապահովումը։
Զրուցակիցներն անդրադարձել են կրթության ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունների մեղմմանն ուղղված հիմնախնդիրներին։