հինգշաբթի, 9 հուլիսի 2009
Նախարարությունների աշխատանքը պետք է չափելի լինի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգի հաստատումը նա դիմել է ներկաներին.
«Երեկ մենք ավարտեցինք մեր նախարարությունների և գերատեսչությունների առաջին կիսամյակի կատարողականների քննարկումը։ Սա նոր գործառույթ է, որ մենք ներդրել ենք, և այն ունենալու է շարունակություն։ Մենք մեծ հույսեր ենք կապում կառավարության ընդունած այս նոր մեթոդաբանության հետ։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում կառավարման համակարգի կատարելագործումը, որպեսզի մեր նախարարությունների աշխատանքը լինի չափելի, նպատակները լինեն հստակ, ձևակերպումները` հասկանալի, և ըստ այդ նպատակների կարողանանք գնահատել, թե որ նախարարությունը ինչպես է կատարում իր առջև դրված խնդիրները։ Մենք առաջին վեց ամսվա ընթացքում փորձնական կիրառեցինք այս մեթոդաբանությունը, և ես պետք է արձանագրեմ, որ բոլոր նախարարությունները բավականին բարձր գնահատեցին այս աշխատանքի անհրաժեշտությունը։ Համոզված ենք, որ երկրորդ կիսամյակում այս մեթոդաբանությունն ավելի լիակատար կկիրառվի բոլոր նախարարությունների կողմից։ Խնդրի կարևորությունն այն է, որ ապագայում բյուջեի պլանավորումը ըստ նախարարությունների հիմնված է լինելու այս մեթոդաբանության վրա, որովհետև այն ներառում է նպատակային խնդիրների, արդյունքների հստակ ձևակերպումը և գնահատման չափանիշները։ Այս աշխատանքը իջեցվում է մինչև կոնկրետ աշխատատեղ, և նախարարները հնարավորություն են ունենում օբյեկտիվ սանդղակով գնահատելու, թե ինչպես են աշխատել վարչությունները։ Մյուս կողմից այս համակարգի վրա ենք մենք հիմնում նաև աշխատավարձի և աշխատողների պարգևատրման հայեցակարգերը։ Հետագայում այս գործառույթը ընդլայնվելու է և մենք հստակեցնելու ենք նախարարությունների ֆունկցիաները, որովհետև ակնհայտ է, որ այսօր ըստ նախարարությունների մենք ունենք դիսպոզիցիաների բազմազանություն և անհրաժեշտություն կա հստակեցնելու նախարարությունների, նախարարների ֆունկցիաները, նրանց պատասխանատվությունը, աշխատակազմի ղեկավարի, վարչության ղեկավարների պատասխանատվության ոլորտները, որպեսզի իմանանք, թե ով ինչի համար է պատասխանատու։ Եվ եթե մենք ինչ-որ խնդիր, բացթողում ունենանք, ապա հստակ կլինի, թե ով է դրա պատասխանատուն։ Այս աշխատանքը մեզանից կպահանջի առնվազն երեք տարի։ Մենք անխուսափելիորեն անդրադառնալու ենք նախարարությունների հիմնական և ածանցյալ բիզնես-պրոցեսների նկարագրությանը։ Առանց դրա հնարավոր չէ արդյունավետ կառավարման համակարգ կառուցել։ Իհարկե, սա բավականին ծանր, աշխատատար գործ է և մենք պետք է հետևողական լինենք այս աշխատանքում։ Քաղաքացիական ծառայության ինստիտուտի ամրապնդման առումով սա անգնահատելի գործառույթ է, առանց որի ուղղակի հնարավոր չէ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնել։ Եվ չափազանց կարևոր է, որ այս ծրագրի հիմնական թիրախները հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում հստակ ձևակերպված են և մենք պետք է կարողանանք մոտակա երեք տարիներին համակարգն ամբողջությամբ ներդնել Հայաստանում։ Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման առումով ուրիշ ճանապարհ մենք չունենք։ Ըստ էության, այս բոլոր հարաբերությունները ինստիտուցիոնալացնում ենք, և սուբյեկտիվիզմն այս առումով կհասցվի նվազագույնի, քաղծառայողներն էլ կիմանան, որ իրենց աշխատանքը օբյեկտիվ է գնահատվելու»։
Բյուջեի փոփոխություն և բյուջետային երաշխիքի տրամադրում
ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ 2009թ. պետական բյուջեում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն և 2009թ. հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում կատարել փոփոխություններ, ինչը պայմանավորված է կառավարության ս.թ. հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումները ՀՀ 2009թ. պետական բյուջեում նախատեսելու անհրաժեշտությամբ։ Որոշման ընդունումը ՀՀ 2009թ., պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնում։ Գործադիրը մեկ այլ որոշմամբ նույնպես վերաբաշխում է կատարել 2009թ. պետական բյուջեում, փոփոխություններ` 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ և գումար է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը։ Այդ գումարով հիմնանորոգվելու է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի բաժանարար գոտին, նախագծվելու է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 11-րդ կիլոմետրում առաջացած սողանքային հատվածի հետևանքով կառուցվելիք ճանապարհը և այլն։ Այս առթիվ ՀՀ վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարել է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկել և դրական լուծում տալ հանրապետության կարևորագույն, այդ թվում` Հազարամյակի մարտահրավեր ծրագրով նախատեսված ավտոճանապարհների շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքներին։
ՀՀ կառավարության կողմից անավարտ բնակելի շենքերի կառուցապատմանն օժանդակելու մասին արված հայտարարության համաձայն գործադիրը որոշել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Վահե Հարությունյան» ԱՁ-ին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա արդեն բյուջետային երաշխիք ստացած հինգերորդ կազմակերպությունն է։ Այս գործընթացը պետք է գտնվի ինչպես կառավարության, այնպես էլ հանրության հսկողության ներքո։ Շինարարական կազմակերպություններն իրենք էլ նախանձախնդիր են իրենց աշխատանքի հրապարակայնությունն ապահովելու գործում։ Դրանցից մեկը կառուցվող շենքի մոտ տեսախցիկներ է տեղադրել, որոնց միջոցով պատվիրատուն կամ ամեն ոք համացանցում կարող է հետևել շինարարության ընթացքին։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի, միջև ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով, ՀՀ կառավարությունը որոշել է հողերի կատեգորիան փոխելու և որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին։ Որոշումը վերաբերում է Այգեզարդ, Շենիկ և Մանթաշ ինքնահոս համակարգերի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքներին։ Նշված համակարգերը կառուցվում են ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակում։
Գործադիրը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և Լոռու և Շիրակի մարզպետների միջնորդությունները, որոշում է ընդունել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին Սպիտակի քաղաքապետի կողմից և Ախուրյանի համայնքի ղեկավարի կողմից առանց մրցույթի վարձակալությամբ հողամասեր տրամադրելու մասին։
Հարկային վարչարարության կատարելագործում
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու փաստաթղթերում, որոնցից մեկը ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրն է, իսկ մյուսը ՀՀ կառավարության 2009թ. գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները։ Որոշմամբ փոխվել են առաջին փաստաթղթի 60-րդ և երկրորդ փաստաթղթի 241-րդ միջոցառումների կատարման ժամկետները։ Դրանով իսկ նախատեսվում է ձևավորել նոր ինստիտուտ, ինչը հարկ վճարողների և հարկային մարմինների միջև ստեղծում է նոր հարաբերությունների հնարավորություն։ Ենթադրվում է, որ սույն փոփոխությունը թույլ կտա իրատեսական ժամկետում ապահովել տվյալ միջոցառման կատարումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել իր 2008թ. սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Փաստաթուղթն ընդունվել է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով։ Դրա նպատակն է սահմանել ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված ֆիզիկական անձանց համար եկամտահարկի պարզեցված հաշվարկի ձևը, հետևաբար և հստակեցնել նրանց կողմից տարեկան հաշվարկը կազմելու և հարկային մարմին ներկայացնելու գործընթացը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով կառավարության անդամներին կրկին հիշեցրել է հարկերի հավաքման գործում պետեկամուտների կոմիտեին և կոմիտեի նախագահին աջակցելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ դրական տեղաշարժ կա առողջապահության նախարարության համակարգում, ավելի եռանդուն աշխատանք է ակնկալվում տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարություններից։ Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին աջակցելու հորդորը վերաբերում է բոլոր նախարարություններին։
Արձանագրային հարցեր
Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Որոշմամբ առաջարկվում է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման հետևանքով պատճառված զգալի վնաս համարել հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս` հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր վնաս` ութհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)։ Այս շեմերի զգալի նվազեցումը թելադրված է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու անհրաժեշտությամբ։ ՀՀ վարչապետն այս առնչությամբ նկատել է, որ սույն որոշումը համահունչ է մեր բնապահպանական հասարակական կազմակերպությունների պահանջներին։ Նրանք հնարավորություն են ստանում վերահսկել սույն օրենսդրական ակտի կատարումը ևս։
Գործադիրի հավանությանն են արժանացել «Քրեակատարողական ծառայության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը։ Մասնավորապես, վերջին փաստաթղթի ընդունումը նպատակ ունի նվազեցնել հարկադիր կատարողների մասնագիտական գործունեությանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել նրանց պրոֆեսիոնալ մակարդակը, կանխել կադրերի լճացումը և ներդնել ռոտացիայի սկզբունքը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների նախագծերին, ինչպես նաև գործող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերին։ Սույն փաստաթղթերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա, մասնավորապես, հանրային ծառայությունների համարանիշը կիրառել ոչ միայն սոցիալական ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով, այլև հանրային և մասնավոր իրավահարաբերություններում, զգալիորեն պարզեցնել տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացը, նվազեցնել անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, Եվրամիության անդամ պետությունների մուտքի վիզա ստանալ պարզեցված կամ հեշտացված ընթացակարգով։ Հավանություն է տրվել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակը, չափը, վճարման կարգը։
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեխաների իրավունքների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ՀՀ կառավարությունը ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։ Գործադիրը միաժամանակ կարծիք է հայտնել, որ նախագծերի սույն փաթեթով հնարավոր չէ համապարփակ լուծել ընտանիքը վարկաբեկող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, իրավախախտումներին նպաստող, երեխաների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնություն և դաժանություն քարոզող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածման անթույլատրելիության խնդիրները։ ՀՀ կառավարությունում մշակվել և ներկայումս քննարկվում է «Հասարակական բարոյականության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նաև վերոհիշյալ խնդիրները։
Վերը նշված բոլոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև այդ պայմանագրի միջազգային մոնիտորինգի կառույցներին առնչվող գործառույթները, ներառյալ հետվկայագրման գործառույթներն իրականացնելու մասին» համաձայնագրի/համաձայնության կնքման առաջարկությանը։
Իր ընդունած որոշումներով ՀՀ կառավարությունը «Է. Խաչատրյան» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա և ուժը կորցրած ճանաչել «Բլիկ» ՍՊԸ-ին տրված հոգեմետ նյութերի պահպանման և հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիաները։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Արագածոտնի մարզի Հակոյի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2009թ. հուլիսի 10-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում են «Հանրակրթության մասին» և մի շարք այլ օրենքների երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումը, միջազգային պայմանագրի վավերացումը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամի երդումը։