ուրբաթ, 10 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի հանդիսավոր բացման արարողությանը, որը երկամյա պարբերականությամբ կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և որի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի իմացությունը, նպաստել միասնական չափորոշիչների ներդրմանը սփյուռքի կրթօջախներում, աջակցել կրթական ծրագրերի իրականացման գործընթացներին։
ՀՀ վարչապետը մրցույթի մասնակից ավելի քան 130 աշակերտ հայորդիներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ ավանդական դարձած միջոցառումը հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացության խորացման լավագույն հնարավորություն է, քանի որ հայեցի կրթությունը Հայաստանում և սփյուռքում հայկական ինքնության պահպանման հիմքն է, ուստի և մեր երկրի պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը։