ուրբաթ, 10 հուլիսի 2009
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում անցկացվելիք մարդահամարի հարցերին նվիրված հանդիպում է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ը ներառյալ, փորձնական մարդահամարը` 2010թ. ապրիլի 14-ից 23-ը ներառյալ` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջրի և Խաշթառակի գյուղական համայնքներում։ Կազմվել է մարդահամարի ծախսերի նախահաշիվը, որը հինգ տարվա` 2009-2013թթ. համար, 2.5 մլրդ դրամ է և հավանության է արժանացել 2011թ. մարդահամարի համապետական հանձնաժողովի ս.թ. մարտի 20-ի անդրանիկ նիստում։ Նշվել է, որ այդ գումարից 1.9 մլրդ դրամը նախատեսված է 2011թ. համար։ Կարևորագույն այս միջոցառումն անցկացնելու նպատակով 2011թ. ներգրավվելու է ավելի քան 16 հազար ժամանակավոր աշխատակից, ինչը կարևոր է նաև մարդկանց զբաղվածությունն ապահովելու և ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու իմաստով։ Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրային գնահատման այսօրվա պատկերացումներով պետական բյուջեից հնարավոր կլինի ֆինանսավորել այդ ծախսերի միայն 21 տոկոսը։ Նա կառավարության անունից դիմել է ներկաներին` հնարավորության դեպքում մարդահամարի անցկացման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել ֆինանսական և տեխնիկական օժանդակություն, ինչը արդի արագ փոփոխվող աշխարհի մասը կազմող մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն։