երեքշաբթի, 14 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենը։
Ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կապակցությամբ, ՀՀ վարչապետը կարևորել է համագործակցության խորացումը, մասնավորապես, հանրապետության գյուղական վայրերում ներդրումների ծավալների ավելացումը, ֆերմերների շուկայավարման հնարավորությունների ընդլայնմանը աջակցությունը, ենթակառուցվածքների, մասնավորապես, ճանապարհաշինության, էներգետիկայի, ոռոգման համակարգերի արդիականացման, գազիֆիկացման, փոքր և միջին ձեռնարկատիրությանը վարկային միջոցների տրամադրման, հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ծրագրերի համատեղ իրականացման ուղղությամբ գործակցության խորացումը, ինչպես նաև համակարգաստեղծ ձեռնարկությունների` ճգնաժամով պայմանավորված ժամանակավոր դժվարությունների հաղթահարման նպատակով աջակցությունը։
Զրույցի ընթացքում Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշը նշել է, որ բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ հիմնադրամի համատեղ աշխատանքը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ թեև ճգնաժամի հետևանքով տնտեսությունում որոշակի անկում է գրանցվել, սակայն ճգնաժամը նաև ընձեռել է բարեփոխումների հնարավորություն, ինչը թույլ կտա ամենատարբեր ոլորտներում գործընկերների հետ իրականացնել արդյունավետ փոխգործակցություն։