չորեքշաբթի, 30 ապրիլի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Քամալ Խարազիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, նշելով, որ ևրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ երկու երկրների գործադրած ջանքերը նոր հնարավորություններ են բացում դրանց հետագա զարգացման համար: Նա կարևորել է Իրանի հետ Հայաստանի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ քաղաքական հարաբերությունների խթանումը, մասնավորապես օրինակելի համարելով Հայաստան-Իրան-Հունաստան գործակցությունը: Միաժամանակ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացումը դեռևս ետ է մնում քաղաքական հարաբերություների մակարդակից և Հայաստանի կառավարությունը անում է ամեն հնարավորը այդ բացը լրացնելու համար: Ըստ նրա, այսօր արդեն լավ նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Քամալ Խարազիի այցը Հայաստան, նոր խթան կհանդիսանա այդ գործընթացի արագացմանը:
Իրանի արտաքին գործերի նախարարը, կարևոր համարելով Հայաստանի ներքին կայունությունը, հույս է հայտնել, որ Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները ևս բարեհաջող ընթացք կունենան: Նա նշել է, որ Իրանը՝ լինելով կայուն պետություն, շահագրգռված է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության պահպանմամբ և անվտանգության երաշխիքների ապահովմամբ: Համաձայնելով Հայաստանի և Իրանի տնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ վարչապետի տեսակետին, պարոն Խարազին ընդգծել է, որ իրանական կողմը ևս պատրաստակամ է առավել գործնական քայլեր կատարելու այդ ուղղությամբ: Նա նշել է, մասնավորապես, Քաջարանի թունելի, Իրան-Հայաստան գազատարի, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունների, էլեկտրաէներգիայի փոխանակման և բեռնափոխադրումների ոլորտներում համատեղ աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը: Ըստ արտգործնախարարի, իրանական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Արտաքին ներդրումային ընկերությունը, պատրաստակամություն են հայտնում ավելի մեծ ներդրումներ կատարելու Հայաստանում: Նպաստավոր պայմանների առկայության դեպքում, նախարարի կարծիքով, միանգամայն իրական կլինի նաև իրանական ընկերությունների մասնակցությունը Իրանի կողմից Հայաստանին տրամադրված վարկային միջոցներով մի շարք ծրագրերի ու նախագծերի իրականացմանը:
Հանդիպման ժամանակ պարոն Խարազին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել հարմար ժամկետում պաշտոնական այցով Իրան այցելելու ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամմադ Արեֆի հրավերը: