ուրբաթ, 17 հուլիսի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Արշիլ Գորկու թանգարանին կից մուտքի շինարարական աշխատանքներ», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի N 2 մանկապարտեզի մասնաշենքի տանիքի վերանորոգում», «Շիրակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքի մշակույթի տան տանիքի թիթեղապատում» և «ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի այգու վերանորոգում և բարեկարգում», ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արծվաբույն» տարեցների կենտրոնի հիմնանորոգում» ծրագրերը։
Նիստում հաստատված «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Քարակերտի Նարեկացու անվան հոգևոր մշակութային կենտրոնի վերանորոգումը, «Հայաստանի հայ կաթողիկե եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքում եկեղեցու կառուցումը, «Չքավոր երեխաների աջակցության ակցիա» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է աջակցել աղքատության նվազեցմանը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։