չորեքշաբթի, 30 ապրիլի 2003
ՀՀ վարչապետ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի այս տարվա առաջին նիստը: Խորհրդի քննարկմանն է ներկայացվել 2002թ. Հիմնադրամի գործունեության և ֆինանսական ծախսերի հաշվետվությունը, 2003թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը և ընթացիկ տարում իրականացվելիք երիտասարդական ծրագրերը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանը 2002թ. իրականացված աշխատանքների թվում կարևորել է Համահայկական երիտասարդական առաջին խորհրդակցության կազմակերպումը, սփյուռքահայ երիտասարդական կազմակերպությունների հետ պարբերական կապերի ու համագործակցության միասնական համակարգի ներդնումը, միջազգային երիտասարդական կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ նախնական հարաբերությունների հաստատումը: Նա զեկուցել է, որ տարեկան ծրագրերի իրականացման համար պետբյուջեով Հիմնադրամին հատկացված 50մլն դրամը ամբողջովին ծախսվել է՝ մի մասը Հիմնադրամի, մի մասը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդական ծրագրերի իրականացման գծով: Ընթացիկ տարվա համար ֆինանսական ծախսերի նախահաշիվը նույնպես կազմվել է այդ նույն գումարի սահմաններում:
2003թ-ին, ըստ գործադիր տնօրենի, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել երեք ինքնուրույն և մեկ աջակցության ծրագրեր: Վահագն Մկրտչյանը կարևորել է Համահայկական երիտասարդական տեղեկատվական էլեկտրոնային ցանցի, Համահայկական երիտասարդական կադրային տեղեկատվական բանկի ստեղծումը, այս տարվա նոյեմբերին Համահայկական երիտասարդական երկրորդ խորհրդակցության կազմակերպումը, ինչպես նաև աջակցությունը «Բազե» Համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին: Նա զեկուցել է նաև Հիմնադրամի Ծաղկաձորի հյուրատան հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերին:
Հոգաբարձուների խորհուրդը, քննարկումից հետո, հաստատել է ներկայացված հաշվետվությունն ու Հիմնադրամի կողմից 2003թ. իրականացվելիք ծրագրերը: