հինգշաբթի, 23 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Խիաո ժաոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրին, ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ մեր երկրի ընդլայնվող և խորացող համագործակցության կապակցությամբ։ Ներկայումս ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում են գյուղական ճանապարհների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճգնաժամի հետևանքների մեղմման աջակցության ծրագրեր, որոնք գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
ԱԶԲ-ի հետ համագործակցության զարգացման առումով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես կարևորել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրի իրականացումը, որը տարածաշրջանային նշանակություն ունի, ինչպես նաև քննարկման փուլում գտնվող Քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագիրը, որը ներառում է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհահատվածների կառուցում, վերականգնում և այլ բաղադրիչներ։
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Խիաք ժաոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գործընկերության համար, նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է քննարկել Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներում իրականացվելիք ծրագրերը։
«Ես համոզված եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը և ուրախ եմ, որ մեր տեսլականներն ամբողջությամբ համընկնում են, և դա երաշխիք է, որ մեր համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի»,- ասել է ՀՀ վարչապետը։