չորեքշաբթի, 24 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի առաջին նիստը: Խորհուրդն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը առավել բարձր մակարդակով համակարգելու նպատակով:
Նիստի մասնակիցները նշել են, որ չնայած ընդհանուր առմամբ առանձին ոլորտներում երիտասարդության հետ տարվող աշխատանքների բավարար ընթացքին, կարիք է զգացվում դրանք բարձր մակարդակով համակարգելու, դեռևս կան երիտասարդական կազմակերպություններ, որոնք դուրս են մնում համապատասխան գերատեսչությունների ուշադրությունից: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հատկապես շեշտելով սերնդափոխության խնդիրը, նշել է երիտասարդությանը պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը ավելի ակտիվորեն մասնակից դարձնելու, պետության վաղվա քաղաքացիների ճիշտ ձևավորման, նրանց մեջ պետական, ազգային մտածողության սերմանման կարևորությունը:
Կարևոր համարելով երիտասարդության առավել լայն շրջանների, մասնավորապես մարզային երիտասարդության հետ աշխատանքների կազմակերպումը, նիստի մասնակիցները նշել են այդ գործում մարզպետարանների հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Ընդգծվել է երիտասարդությանը գործարարության ոլորտին ավելի ակտիվորեն մասնակից դարձնելու խնդիրը:
Նիստում կարևորվել են համագործակցությունը միջազգային երիտասարդական կառույցների հետ, երիտասարդությանը վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական դաշտի ձևավորումը, հանրապետությունում գործող բոլոր երիտասարդական կազմակերպությունների մասին տեղեկատվական բազայի և երիտասարդության հիմնախնդիրներին վերաբերող ծրագրերի բազայի ստեղծումը:
Նիստում հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: