երեքշաբթի, 28 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին։
Շնորհավորելով դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում տիկին դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը։
Տիկին Նիկոդեմոսը շնորհակություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի կառավարության կողմից առաջարկվող ծրագրերին։ Նա նշել է, որ Բրազիլիան արտերկրում մեծ ներդրումներ կատարող երկիր է և կարող է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր։
ՀՀ վարչապետը և դիվանագետը, հայ-բրազիլական առևտրատնտեսական հարաբերությունները և երկու երկրների միջև ներկա ապրանքաշրջանառության ծավալները համարել են անբավարար, նկատելով, որ այս ոլորտում զարգացման զգալի ներուժ գոյություն ունի։ Այդ ներուժի լիարժեք բացահայտման և միմյանց շուկաներին, ապրանքատեսականուն, պահանջարկին ծանոթանալու, գործարար կապերն ամրապնդելու տեսանկյունից կարևորվել է տեղեկատվության փոխանակումն ու գործարար հանդիպումների կազմակերպումը։
Անդրադառնալով Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության խորացման համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել նաև Բրազիլիայում ազդեցիկ հայ համայնքի հնարավորությունները։
ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել տիկին դեսպանին` մեր երկրում իր առաջիկա գործունեության մեջ։