չորեքշաբթի, 29 հուլիսի 2009
Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները։
Մասնավորապես քննարկվել է ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների բիզնեսի ձևակերպման գործընթացի հեշտացման հարցը, նշվել է, որ այդ նպատակով մշակված «Մի կանգառի» սկզբունքը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցույթ կազմակերպելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով, որը ներկայումս մշակում է չափորոշիչներ, ինչի հիման վրա կընտրվեն լավագույնները։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ նախագահ Գ. Չուքասզյանը տեղեկացրել է, որ իրենց կողմից մշակվել է «Էլեկտրոնային բովանդակության» հայեցակարգը և գործողությունների կոնկրետ ծրագիր։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ շարունակվում են «Էլեկտրոնային կառավարման» համակարգի ներդրման աշխատանքները, ինչպես նաև հստակեցվում է այդ ուղղությամբ իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ ՀՀ վարչապետը հանձնարարել է հաջորդ նիստին քննարկել այդ հարցը ևս։
Կարճաժամկետ լուծում է տրվել«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը փոփոխելու մասին որոշմանը. ՀՀ պաշտպանության և տրանսպորտի և կապի նախարարություններին ներկայացված համապատասխան նախագծերը դեռ քննարկման փուլում են։
Խորհուրդը քննարկել է նաև մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որի շրջանակում «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կ. Վարդանյանն ամբողջացրել է մտահոգիչ հարցերի ցանկը, որոնց շուրջ մաքսային կառույցի հետ դեռ համապատասխան բանակցություններ են վարվում։ Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է, որ «Կրթության մասին» օրենքի համաձայն մշակվում են «առկա, հեռակա, հեռավոր և այլ ձևերով ուսուցման կարգեր». նախագծի նախնական տարբերակը պատրաստ կլինի արդեն սեպտեմբեր ամսին, շահագրգիռ կողմերի միջև քննարկումներից հետո կներկայացվի կառավարություն։
Խորհուրդը քննարկել է նաև ամեն ընտանիքին մեկ համակարգիչ ծրագրի իրականացման ընթացքը, նշվել է, որ պիլոտային ծրագիրն իրականացվելու է հանրապետության մի շարք քաղաքներում, ընդ որում ընտանիքները համակարգիչներ ձեռք բերելուց բացի, հետագա ծրագրային ապահովման հնարավորություն կստանան։ Այս ուղղությամբ ձևավորված աշխատանքային խումբը շարունակելու է ուսումնասիրել դաշտը։
Խորհուրդի քննարկմանն է ներկայացվել հանրապետության դպրոցներում անխտիր համակարգչային գրագիտություն ստանալու ծրագիրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին մշակել ավագ դպրոցներում համակարգչային պարտադիր ուսուցման գործընթաց ներդնելու ընթացակարգը և հետևողական լինել այդ ուղղությամբ բոլոր շրջանավարտների սերտիֆիկացման խնդրին։
Քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման վերաբերյալ առկա է որոշակի առաջընթաց, մի քանիսը դեռևս քննարկման փուլում են։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է այդ հարցերի շուրջ քննարկումների շարունակականության և դրանց լուծման գործում հետևողականության դրսևորման անհրաժեշտությունը։
Խորհուրդը քննարկել է հեռահաղորդակցման ոլորտում ինտերնետ կառավարման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հարցերը, որոնց ուղղությամբ համապատասխան առաջարկները կլսվեն ՏՏ զարգացման ազգային խորհրդի առաջիկա նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման և հասարակությանն այն առավել մատչելի դարձնելու նպատակով աշնանը կազմակերպվելու է էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ ներկայացուցչական համաժողով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մեկամսյակի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպելու է գիտաժողով։