երեքշաբթի, 6 մայիսի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի խորհրդարանական ընտրությունների առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրիին: Հանդիպման ժամանակ պարոն Բարրին՝ ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի հետագա զարգացման համար կարևորել է խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացումը և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ իրենց աշխատանքներին ցույց տրվող աջակցության համար: Նա վարչապետին տեղեկացրել է, որ մայիսյան ընտրություններին ներկա կլինեն Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից ժամանած շուրջ 50 խորհրդարանական դիտորդներ: Ռոբերտ Բարրին հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ առաքելության ներկայացրած առաջարկությունների մի մասը, որոնք վերաբերում էին ընտրությունների նախապատրաստական փուլի աշխատանքներին, այս ընտրությունների ժամանակ հաշվի կառնվեն: Նա նշել է, որ ընտրությունների ընթացքում կարվի հնարավորը, որպեսզի միջազգային դիտորդները լինեն հնարավորինս մեծ թվով ընտրատարածքներում՝ ընտրությունները օբյեկտիվորեն գնահատելու համար:
ՀՀ վարչապետը զրուցակցին հավաստիացրել է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության բոլոր առաջարկությունները՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված, հաշվի կառնվեն: Վարչապետն ընդգծել է, որ ընտրությունների անցկացման շրջանում գլխավորը երկրի կայունության, փոխադարձ վստահելիության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումն է: Հանդիպման ավարտին կողմերը արտահայտել են համագործակցելու իրենց պատրաստակամությունը՝ մեր երկրում խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ կազմակերպելու և անցկացնելու նպատակով: