երկուշաբթի, 3 օգոստոսի 2009
Օգոստոսի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի օրակարգի թեմաներն էին նոր ծրագրային փաթեթի ներկայացումը և քննարկումը, հիմնադրամի գործունեության ենթաոլորտների հստակեցումը, կրթության ոլորտում իրականացվելիք նախաձեռնությունները և այլ հարցեր:
Հստակեցվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության չորս ուղղությունների` զբոսաշրջության, առողջապահության, կրթության և աջակցող ոլորտների ենթաոլորտները: Յուրաքանչյուր ոլորտի համար նախատեսված է ծրագրային առաջարկների փաթեթ, որը ներառում է հավանության արժանացած և արդեն մեկնարկած առաջապահ ծրագրեր:
Զբոսաշրջության ոլորտում հիմնադրամի աշխատանքները կկենտրոնանան Հայաստանի աշխարհագրական 4 երթուղիների շուրջ: Տարեսկզբից ընթացքի մեջ է «Տաթևի վերածնունդ և վերակառուցում» եռամյա ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը երկրի հարավային ուղղությամբ:
Առողջապահության բնագավառում հիմնադրամը կաշխատի ուռուցքաբանության և սրտաբանության ենթաոլորտների զարգացման ուղղությամբ: Ծրագրվում է ատեղծել միջուկային բժշկության կենտրոն, որը կսպասարկի ընտրված երկու ուղղությունները:
Կրթության ոլորտում հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինի բուհերի, ավագ դպրոցների և մանկավարժական կրթության ենթաոլորտների զարգացումը:
Իրար հատող ու ամբողջացնող ասպարեզների ենթաոլորտ է որոշվել ՀՀ-ում տեղեկատվական ցանցերի զարգացումը և ընդլայնումը, ինչպես նաև հայության հաղորդակցության հմտությունների բարելավումը: Այժմ ընթացքի մեջ է «Առաջադեմ հաղորդակցության ցանցով Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և նպատակ ունի նպաստել ողջ երկրի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:
Հատուկ աշխատանքային քննարկումը` նվիրված էր կրթության հիմնահարցերին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, «Լույս հիմնադրամի» տնօրեն Ժակլին Կարաասլանյանը և McKinsey&Co. ընկերության գործընկեր Ավետիք Չալաբյանը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի կողմից ներկայացվեց Գիտության և կրթության զարգացման համալիրի ստեղծման հայեցակարգը, որն արժանացավ նախնական հավանության: Որոշվեց մշակել ամբողջական ծրագրային փաթեթ` հաջորդ նիստին ներկայացնելու և քննարկելու համար: