ուրբաթ, 7 օգոստոսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Շինարարի օրվա առթիվ
Սիրելի շինարարներ,
Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք։
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ առողջություն և հաջողություն։
Մասնագիտական տոնը լավ առիթ է ոլորտի մասնագետներին դրվատելու, նաև թերություններն ու բացերը հրապարակային ու անկեղծ արտահայտելու համար։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շինարարական ոլորտը, այդ թվում նաև պետական հատվածում իրականացվող, Հայաստանի ՀՆԱ - ում ապահովում է թե՛ զգալի տեսակարար կշիռ, թե՛ բյուջեի հարկային մուտքերի զգալի ծավալ։ Ձեր աշխատանքի շնորհիվ հանրապետությունում կառուցվում են նոր, առավել գեղեցիկ, առավել երկարակյաց, առավել հուսալի շենքեր ու շինություններ, պետական, հասարակական, մշակութային, առողջապահական ու մարզական կառույցներ, կամուրջներ ու ճանապարհներ։
Նախորդ տարին հանրապետության շինարարության ոլորտը փակեց բավականաչափ շոշափելի արդյունքներով։ Դա վերաբերում է թե՛ պետական բյուջեի միջոցներով, և թե՛ մասնավոր հատվածի իրականացրած շինարարությանը։ Հսկայական ծավալի աշխատանք է արված դպրոցաշինության ուղղությամբ, հատկապես մարզերում, կառուցվել կամ նորոգվել են բազմաթիվ առողջապահական, մշակութային, մարզական օբյեկտներ։
Դուք գիտեք, որ այս տարի ևս մենք մեծ ծրագրեր ունեինք, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց մի փոքր վերանայել մեր ծրագրերը, որոշ աշխատանքներ տեղափոխել տարվա վերջ։ Ես համոզված եմ, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շնորհիվ մենք նվազագույն կորուստներով դուրս կգանք ստեղծված վիճակից։
Կարծում եմ, որ հենց ճգնաժամի պայմաններում են անհրաժեշտ ճկուն մտածողություն և համարձակ ու հավակնոտ ծրագրեր։ Վերջերս կառավարության հավանությանն արժանացավ Տաթևի վանական համալիրը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիրը։ Ընթացքի մեջ է Գողթ գյուղական համայնքի տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման նախագծի մշակումը։ Ջերմուկի, Դիլիջանի. Ծաղկաձորի զարգացման ծրագրերը ձեզ քաջ հայտնի են և հաջողությամբ իրականացվում են։ Դրանց ֆինանսավորման աղբյուրները գտնված են, ժամանակացույցերը հաստատված, և դրանց իրականացման ճանապարհին խոչընդոտ չեմ տեսնում։
Սիրելի շինարարներ։
Համոզված եմ, որ այսուհետև ևս կշարունակեք աշխատել նույն եռանդով, հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները։ Իսկ դրանք վերաբերում են թե՛ երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռմանը, թե՛ անկառավարելի ուրբանիզացիայի հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, թե՛ քաղաքների ճարտարապետական ժառանգության ու պատմամշակութային միջավայրերի վերականգնմանը։
Դուք մեծ աշխատանք ունեք աղետի գոտու վերականգնման, անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, կյանքի որակի ավելի բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ։
Կրկին շնորհավորելով, մաղթում եմ ստեղծագործ ու իմաստալից աշխատանք` հանրապետությունում բարձրորակ, սեյսմակայուն և հուսալի կառույցներ ստեղծելու դժվար, բայց շնորհակալ գործում։
Շնորհակալություն։