ուրբաթ, 7 օգոստոսի 2009
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի մասնագիտական տոնին նվիրված հանդիսությանը։ ՀՀ վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր շինարարներին ու ճարտարապետներին.«Շինարարը վայելում է մեր ժողովրդի հատուկ հարգանքը, և դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի կենսագրության մեջ շինարարներն ունեն իրենց ուրույն և անփոխարինելի տեղը։ Ազգային պատկանելության բազմաթիվ հանգամանքներ պայմանավորված են հենց ձեր մասնագիտությամբ։ Շինարարներն անցել են մեծ ճանապարհ, համոզված եմ, որ նրանք դեռ ասելիք ունեն աշխարհին»,-ասել է վարչապետ Սարգսյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հաղթահարվելու են ներկայիս բոլոր դժվարությունները, և մենք դեռ հպարտանալու ենք շինարարների կատարած աշխատանքով։
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին քաղաքաշինության ոլորտը լուրջ զարգացում է ապրել։ Եվ չնայած ներկայիս ժամանակավոր խնդիրներին` շարունակելու է առաջ ընթանալ` պահպանելով դարավոր ավանդույթները։ Նախարարը կարևորել է կառավարության կողմից շինոլորտում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները` մասնավորապես կառուցապատողներին վարկային երաշխիքների տրամադրման, հարկային արտոնությունների սահմանման առումով։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի շինարարների և ճարտարապետների միությունների նախագահները։
Քաղաքաշինության ոլորտում ունեցած ավանդի և ակտիվ մասնակցության համար մի շարք շինարարներ և նախագծողներ խրախուսվել են վարչապետի շնորհակալագրերով։