չորեքշաբթի, 12 օգոստոսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է մարզային և քաղաքային թերթերի խմբագիրների հետ։
ՀՀ վարչապետը ողջունել է հանդիպումը կազմակերպելու Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնությունը։
Միության նախագահ Աստղիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին` կարևորելով գործադիր իշխանության ղեկավարի և տեղական մամուլի ներկայացուցիչների հանդիպումը։ Նա մատնանշել է վերջիններիս գործունեությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում մարզային և քաղաքային տպագիր լրատվամիջոցների խմբագիրները ՀՀ վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքային մտահոգությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել մարզային մամուլին հատկացվող ամենամյա սուբսիդիաների արդյունավետ օգտագործման, տպագրական բազայի ստեղծման, բաժանորդագրության կազմակերպման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լրատվամիջոցներին համակողմանի օժանդակության խնդիրները։ Հարցադրումներ են եղել մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը միտված կառավարության ծրագրերի վերաբերյալ։ Առաջարկություն է եղել նաև, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը և պաշտոնական մամուլը ավելի շատ տեղ հատկացնեն մարզային լուրերին։
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել տեղական մամուլի հեղինակությունը, ինչպես նաև արձագանքել բնակիչներին հուզող և մտահոգող հարցերին։ ՀՀ կառավարությունը տեղական մամուլի աշխատանքի արդյունավետության բարձրացումը դիտարկում է ՀՀ տարածքային համաչափ զարգացման ծրագրի համատեքստում։