հինգշաբթի, 13 օգոստոսի 2009
Կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ելնելով ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման անհրաժեշտությունից ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009թ. ժամանակացույցը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ հինգ տարվա ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի տասը տոկոսով։
Որոշման ընդունման առթիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս փաստաթղթի ընդունումը ենթադրում է, որ բոլոր գերատեսչությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն սրան, որովհետև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ։ Կատարված են միջազգային համադրումներ, որոնք ցույց են տալիս, որ ճանապարհային տրանսպորտի քանակի տեսակետից մենք ունենք լրջագույն խնդիր։ Մարդկային զոհերի մեր ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են այլ երկրների ցուցանիշները։ Դրա հիմնական պատճառն այն է, որ անվտանգության կանոնները չենք պահպանում։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք առաջին հերթին լինենք խստապահանջ, որ մեր վարորդները պահպանեն անվտանգության կանոնները։ Դուք պարտավոր եք պահանջել ձեր վարորդներից, որպեսզի նրանք անպայման օգտագործեն ամրագոտիներ, որոնք այսօր համատարած չեն կիրառվում։ Ցանկալի կլինի, որ ոստիկանությունը հենց ինքը իրենից սկսի։ Ոստիկանները պետք է օգտագործեն ամրագոտիները, որպեսզի իրավունք ունենան մնացած վարորդներից պահանջելու նույնպես ամրագոտիներ օգտագործել։ Ամրագոտիների օգտագործումը էապես կրճատում է ե՛ւ մահացության թիվը, և մարմնական վնասվածքները չեն լինում ծանր։ Դա տարրական քաղաքակիրթ կանոն է, որը եթե պահպանենք, ապա ե՛ւ զոհերի թիվը, և այլ հետևանքները կտրուկ կնվազեն։ Ընդ որում, այս փաստաթղթում հաշվարկ է կատարված, թե ինչ բացասական ազդեցություն է թողնում ճանապարհային պատահարների մեծ թիվը մեր համախառն ներքին արդյունքի վրա։ Ես խնդրում եմ, որպեսզի այս փաստաթուղթը ձեզ համար դառնա կարևոր, որովհետև մենք, լինելով սկզբունքային, կարող ենք փրկել հազարավոր մարդկանց կյանք` պահպանելով այս կանոնները։ Եվ եթե մենք ինքներս մեզանից չսկսենք, հասարակության մեջ այդ հոգեբանական բարդույթը չենք կարողանալու հաղթահարել, որ ամոթ բան չէ, եթե վարորդը օգտագործում է ամրագոտին։ Ամոթը հակառակն է, լոպազությունն է։ Անհրաժեշտ է այս փաստաթուղթը ներկայացնել հանրությանը։ Պետք է անպայման PR ակցիաներ, հանրային լսումներ կազմակերպվեն և ցույց տրվի, որ այն միջոցառումները, որոնք ներառված են այս ծրագրի մեջ, ունեն կենսական նշանակություն մեր քաղաքացիների համար։ Երկրում կարգուկանոնը սկսվում է հենց ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումից։ Եթե քաղաքացիները տեսնում են, որ ճանապարհային կանոնները չեն պահպանվում, ե՛ւ օտարերկրացիների, ե՛ւ մեր քաղաքացիների վերաբերմունքը պետության նկատմամբ այլ է լինում։ Ուստի ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը մեզանից շատ ջանք պետք է խլի, և մենք մինչև սեպտեմբերի 1-ը պետք է կարողանանք ե՛ւ հեռուստատեսությամբ, ե՛ւ մամուլով ներկայացնել այս խնդրի կարևորությունը և այստեղ նշված միջոցառումների կարևորությունը պետք է հասցնենք մեր քաղաքացիներին»։
Վերացվում են վնասների հետևանքները
ՀՀ կառավարությունը` վերաբաշխում կատարելով ՀՀ 2009թ. պետբյուջեում, փոփոխելով իր նախկին որոշումները և պետական բյուջեից գումար հատկացնելով, ուժեղ քամու, հեղեղների հետևանքով տուժած Շիրակի մարզի Ազատան, Մայիսյան, Կապս գյուղերի դպրոցներին, Գյումրու երաժշտական դպրոցին, Գյումրու N 2 և «Էնրիկո Մատտե» պոլիկլինիկաներին, Վայոց ձորի մարզի Շատինի դպրոցին և Եղեգնաձորի պատկերասրահին, Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցին զուգահեռ հեղեղատարի մարքրման և նորոգման, Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակարանների կոտրված ապակիների տեղադրման, քանդված տանիքների նորոգման, ինչպես նաև դպրոցին հասցված վնասը վերացնելու նպատակով գումար է տրամադրել ՀՀ քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարություններին, Արագածոտնի մարզպետարանին։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարից տեղեկացել է առաջիկա շաբաթներին եղանակի կանխատեսման տվյալներին, որոնց համաձայն նպատակահարմար է հեղեղատարների մաքրմանը ձեռնամուխ լինել այս օրերին։
Սոցիալական հարցեր
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է հնգավալենտ համակցված պատվաստանյութի տեսքով նոր` հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, վարակների դեմ կիրառվող պատվաստանյութի ներդրմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2009թ. սեպտեմբերի 1-ին և կիրառվելու է 2009թ. հուլիսի 15-ին և հետո ծնված, ինչպես նաև մեկ տարեկանից (12 ամիսը լրացած) բարձր տարիքի երեխաների նկատմամբ։ 2009թ. հուլիսի 15-ից առաջ ծնված մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումն իրականացվելու է ավելի վաղ հաստատված պատվաստման ազգային օրացույցի համաձայն։ ՀՀ վարչապետը կարևորել է այս որոշման ընդունումը և հանձնարարել, որպեսզի բնակչությունը, երեխաների ծնողները ԶԼՄ-ների և այլ միջոցներով վաղօրոք տեղեկացվեն պատվաստման ժամանակացույցին։ Ընդունված մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում , փոփոխություններ` իր 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ և գումար է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այդ գումարը նախատեսված է «Վերանորոգշին» տրեստ-հրապարակ» և «Գյումրի» ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ների և «Էլսարք» ԲԲԸ լուծարման արդյունքում քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման կապիտալացված գումարների վճարման նպատակով։
Իր նիստում գործադիրը թույլատրել է «Աշտարակի բժշկական կենտրոն» և «Էկոսերվիս» ՓԲԸ-ներին սեփականության իրավունքով իրենց պատկանող համապատասխանաբար` Աշտարակ քաղաքի Նարեկացու 61 հասցեում և Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող անշարժ գույքով և դրանց զբաղեցրած հողամասերով վճարել այդ ընկերությունների կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Գույքի օտարումը պետք է իրականացվի առաջին դեպքում` աճուրդով, երկրորդ դեպքում` մրցույթով։ Մյուս որոշմամբ կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Աբովյան 27 հասցեում գտնվող շենքը և հողատարածքը ներդնել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ կանոնադրական կապիտալում։ Շենքում նախատեսված է կատարել վերակառուցման աշխատանքներ, տեղադրել նորագույն սարքավորումներ և իրականացնել օպտիկամալուխային կապուղիների մուտքեր։ Կառավարությունը համաձայնել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Աճառյան 20 հասցեում և Երևանի Թբիլիսյան խճ. 5 հասցեում գտնվող հանրակացարաններում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներ Ռեգինա Լազարյանին, Արմիկ Մնացականյանին և Միրա Օգանեսովային իրենց զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը։
ՀՀ կառավարությունը որոշել է ավելացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները և ազատել 2008թ. գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթներից ՀՀ պետբյուջե շահութաբաժինների վճարումից։ ՀՀ վարչապետը նկատել է, որ 100 տոկոսով պետությանը պատկանող ավելի քանի 400 ձեռնարկություն ունենալու դեպքում ավելի խիստ ֆինանսական վերահսկողություն է անհրաժեշտ, և եթե շահույթը մնալու է տվյալ ձեռնարկությանը, ապա ճիշտ կլինի, որ ապագայում այս հանգամանքը արտացոլվի բյուջեում։ Հակառակ դեպքում պետական միջոցների տնօրինումը ղեկավարության կողմից հնարավոր չի լինի վերահսկել։
Բնապահպանական խնդիրներ
Իր նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը և սահմանել, որ գնահատումն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենդանական աշխարհի պետական կադաստրի զարգացման և ՀՀ բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015թթ. համալիր ծրագրերին և այդ ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցերին։ Որոշումների ընդունման շնորհիվ կապահովվի Հայաստանի տարածքի կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ թվայնացված տեղեկատվական բազայի ստեղծումը։ Այդ բազան կօգտագործվի կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման, կենդանական և բուսական աշխարհի պետական կադաստրի վարման և տեղեկատվության տրամադրման, մոնիտորինգի իրականացման նպատակներով։ Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ կենդանական աշխարհի և ՀՀ բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ժամանակացույցերը։ Որոշումների ընդունմամբ կկարգավորվեն ՀՀ տարածքի կենդանական և բուսական աշխարհի կայուն կառավարմանը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործմանն ու պահպանությանն առնչվող հարաբերությունները։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` կառավարությունը որոշել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի շրջանակում գնված գույքը նվիրաբերել ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին, ինչը կնպաստի ավելի արդյունավետ կազմակերպել ոռոգման ջրամատակարարման գործընթացը։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան գերավճարների և/կամ գերավճարներից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին վճարվող համապատասխան տույժերն են։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևոր նորամուծություն է համարել այս օրինագիծը, որով մեծանում է պետության պատասխանատվությունը բիզնեսի նկատմամբ։ «Եթե պետությունը ինչ-ինչ պատճառով չի հասցնում վերադարձնել ԱԱՀ գումարը, ապա պետք է տույժ ու տուգանք վճարի մասնավոր հատվածին», - նշել է վարչապետը։ Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ կառավարությունը աննպատակահարմար է համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը` հիմնավորելով իր դիրքորոշումը։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրը որոշել է 2009թ. սեպտեմբերի 10-14-ը Երևանում ձյուդոյի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում հատկացնել 20000.0 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2009թ. պետբյուջեի մասին» օրենքում, փոփոխել իր նախորդ որոշումները և Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից Երևանի քաղաքապետարանի գծով սահմանված բյուջետային լրացուցիչ մուտքերի ավելացման հաշվին Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցմանն աջակցելու նպատակով «Մատենադարան» հիմնադրամին որպես ֆինանսական օժանդակություն հատկացրել 200.000.0 հազար դրամ։ Նույն որոշման երկրորդ կետով 400.000.0 հազար դրամ է տրամադրվել Երևան քաղաքի փողոցների վերանորոգման, վերակառուցման և ճաքալցման աշխատանքների իրականացմանը։
Գործադիրը որոշել է իր նախկին որոշումներից մեկով հաստատված Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի 0.589 հա հողը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Իր նիստում կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք ունեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան), Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Հառիճավանքի ընծայարանի և Մխիթարյան կրթահամալիրի սաները, ինչպես նաև պարտադիր զինվորական զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։
Գործադիրը որոշել է լրացում կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի նույն պաշտոնի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը հավասարեցվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության համապատասխան պաշտոնի համար սահմանված նվազագույն և առավելագույն դրույքաչափերին։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը ընդունել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայի և Արծվանիստի գյուղական համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Գործադիրը «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին թույլատրել է մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել մի շարք մակնիշների պայթուցիկ նյութեր, որոնց արտադրությունը ՀՀ-ում բացակայում է։