հինգշաբթի, 20 օգոստոսի 2009
Էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը փոփոխություն է կատարել «ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման մեջ, մասնավորապես, որոշման հավելվածի «Ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր էներգետիկ նախագծերի իրականացում» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ. ներառվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը, որ նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում։ Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ նախագահի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև Մեղրի ՀԷԿ-ի կառուցման մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ։
Հավանություն տալով ընդունված որոշմանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ էներգետիկ համակարգի ֆինանսական կայունության խնդիրներին։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջարկում եմ մի արձանագրային որոշում ընդունենք էներգետիկայի համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով։ Որպեսզի թույլ չտանք նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի աճ, անհրաժեշտություն կա, որպեսզի էներգետիկ համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքները փակվեն այս ոլորտում աշխատող պետական ձեռնարկությունների հաշվին, մասնավորապես Որոտանի ՀԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի առաքվող էլեկտրական էներգիայի հզորությունների և բարձրավոլտ էլեկտրացանցերի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված շահույթի և մաշվածության, ինչպես նաև Հայկական ատոմակայանի առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկում ներառված հատուկ ֆոնդերի և որոշ ծախսային հոդվածների նվազման հաշվին։ Այս արձանագրային որոշումը ընդունենք և հանձնարարական տանք, որ աշխատեք այս ուղղությամբ` ապահովելով ֆինանսական կայունություն»։
Կվերականգնվեն բնական աղետից տուժած ճանապարհները
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բնական աղետների հետևանքով մի շարք ճանապարհահատվածներ հրատապ վերանորոգման կարիք ունեն, իսկ որոշ օբյեկտների գծով աշխատանքներն անհրաժեշտ է ավարտել 2009թ. ընթացքում։ Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում կհատկացվի 210000.0 հազար դրամ, որի արդյունքում կհիմնանորոգվի Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը, կկարգավորվի Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը, ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին տրվող հատկացումների շնորհիվ կլուծվեն սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների և կառույցների իրացման հետ կապված խնդիրներ և այլ հարցեր։
Հասարակական քննարկումների նպատակով
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2009թ. հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշման մեջ, տեղափոխելով «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին», «ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումների և «Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ներկայացնելու ժամկետները։ Հաստատված փոփոխություններով վերոհիշյալ երեք փաստաթղթերի` ՀՀ կառավարություն ներկայացնելը հետաձգվել է` առաջինը` մինչև 2009թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակ, իսկ մյուս երկուսը` մինչև նոյեմբերի երրորդ տասնօրյակ։ Դա հնարավորություն կտա 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացնել հասարակական քննարկումներ, որից հետո, հաշվի առնելով բոլոր կարծիքները, նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարություն։
Առողջապահական հարցեր
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախորդ որոշումներից մեկում, որով ընդունվում է Տավուշի մարզի նախկին «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ տարածքում մասնավոր ընկերության կողմից շուրջ 1.500.00 դոլարին համարժեք դրամի ներդրումային ծրագիր իրականացնելու առաջարկությունը։ Որոշումը թույլ կտա ներդրողի հետ սահմանված կարգով կնքել ներդրման իրականացման և նշված շենքում բժշկավերականգնողական կենտրոն ստեղծելու պայմանագիր։ Հաջորդ որոշմամբ փոփոխություն է կատարվել ավելի վաղ ընդունված որոշման մեջ, որի նպատակն է խթանել ընտանեկան բժիշկների անհատական անկախ պրակտիկայի ստեղծումը` սահմանելով, որ ստեղծման պահին անհատական պրակտիկա իրականացնող բժիշկը գործունեության առաջին վեց ամսում կարող է հավաքել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բնակչության նվազագույն թույլատրելի թվաքանակի կեսը` հաջորդ մեկ տարում այն հավաքելու պայմանով։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը լուծարել է «Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը մասնավորեցվել է 2006թ., բայց հետագայում պայմանագրով նշված պարտավորությունները չեն կատարվել։ Ի վերջո, ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կրկին վերապահվել են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության։
Կառավարությունը երկու շաբաթով հետաձգել է կենսաբանական վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի տրամադրումը «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ին։
Ստեղծվել է նոր մաքսատուն
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում, իսկ երրորդ որոշմամբ ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը։ Որոշումը թելադրված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առևտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն։ Հաշվի է առնվել նաև միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաև այլ երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում։
Գույքի ամրացում և նվիրատվություն
ՀՀ կառավարությունը չեղյալ է ճանաչել իր անցյալ տարվա որոշումներից մեկը, որով «ԱԹՀԳՕ քորփորեյշն» կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքը չօգտագործելու և բարձիթողի վիճակի հասցնելու պատճառով հետ է վերցվել և ամրացվել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ին։ Կառավարությունը որոշել է բյուջետային երաշխիք տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով։ Դրանք ուղղվելու են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի զարգացմանը, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնմանը։ Բանակցության հաջող ավարտի դեպքում «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին 15 տարի մարման ժամկետով տրամադրվելու է մինչև 10.0 մլն եվրո գումարով վարկային միջոց։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը իրավունք է վերապահել ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնին «մեկ պատուհանի» սկզբունքով դիմել ջրամատակարար կազմակերպությանը կառուցապատողի համար ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ և Շիրակի մարզի Անիավան կայարանի և Անիպեմզա գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավման աշխատանքներն իրականացնելու համար հատկացված գումարից 4000.0 հազար դրամը տեղափոխել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ` Անիպեմզա համայնքին որպես սուբվենցիա տրամադրելու պայմանով։ Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում գտնվող N 40 սահմանապահ ջոկատի 8-րդ սահմանային ուղեկալի շենք-շինությունները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել է Երվանդաշատի գյուղական համայնքին։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը թույլատրել է Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքի և Արցախի 4-րդ նրբ. հանրակացարանային մասնաշենքի տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել այդ տարածքներում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած ութ անձանց։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է գույք ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և գույք հանձնել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին։ Որոշումը բխում է ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ն լուծարելու մասին» N 965-Ն որոշման 9-րդ կետի պահանջից։
Արձանագրային որոշումներ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին։ Այն սահմանում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները և իրենից ներկայացնում է գործակցության բնագավառում իրավական, տնտեսական, դիվանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական, կազմակերպչական հարաբերությունների ամբողջություն` ուղղված հայապահպանության խնդիրների լուծմանը, Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմանը։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը։ Այդ ընթացքում Հայաստանում մարդկանց շահագործման դեմ պայքարի ուղղությամբ նշանակալի ձեռքբերումը ԱՄՆ պետքարտուղարության` թրաֆիքինգի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանի վերադասակարգումն է երկրների երկրորդ խմբի վերահսկման ցուցակից բուն երկրորդ խումբ։ Կառավարությունը հավանություն է տվել Ակնագործության և ոսկեգործության զարգացման միջոցառումների ժամանակացույցին, որի մշակումը հանձնարարվել էր ս.թ. հունվարի 23-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Որոշման ընդունումը բխում է Ակնագործության և ոսկեգործության հայեցակարգով նախատեսված համաշխարհային շուկային Հայաստանի ինտեգրմանը, միջազգային լավագույն փորձի հիման վրա ոլորտի զարգացման բարենպաստ բիզնես-միջավայրի ձևավորման անհրաժեշտությունից։
«Հարկերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի կապակցությամբ կառավարությունը Պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի հետ հարցը քննարկել և անհրաժեշտության դեպքում լրամշակել։ Նախագծի ընդունման և կիրառման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն տեղեկությունների, դրանք ներկայացնողների, ստացված տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործելու հարցերը, հնարավորություն կստեղծվի բարձրացնել հարկ վճարողների կողմից պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման հսկողության արդյունավետությունը։
Կառավարությունը մեկ շաբաթով հետաձգել է «Գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։
Այլ որոշումներ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին։
ՀՀ կառավարությունը որոշել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի վեցերորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Որոշումը բխում է «1980թ. հոկտեմբերի 25-ի Հաագայի «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին մասի և «ՀՀ միջազգային պայմանագրի մասին» ՀՀ օրենքի հիսունմեկերորդ հոդվածի երկրորդ մասի պահանջներից։
«ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի կապակցությամբ, որ վերաբերվում է 2009թ. պետական բյուջեով նախատեսված «Ավագ դպրոցի համակարգի ներդրում» ծրագրի իրականացմանը, կառավարությունը հանձնարարել է երկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարության հետ հարցը մեկ անգամ ևս քննարկել և անհրաժեշտության դեպքում լրամշակել։
Կառավարությունը իր 2009թ. ապրիլի 16-ի «ՀՀ պետական բուհերի 2009/2010թթ. ուստարվա` պետության կողմից ուսումնական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 401-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակում լրացում է կատարել` «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին հատկացնելով ինը տեղ։
«Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ը լուծարելու և ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի թիվ 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի կապակցությամբ հանձնարարվել է այն կառավարության քննարկմանը ներկայացնել նոր խմբագրությամբ, ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությանը համապատասխան։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։