ուրբաթ, 4 սեպտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից ս.թ. սեպտեմբերի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին, որի բացման արարողության պատիվը վերապահվել էր նրան։
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը և նշել. «Նման միջոցառումները, մեր համոզմամբ, ստեղծում են լավ նախադրյալներ միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները։ Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ 150 կազմակերպություն 9 երկրից մասնակցում է այս միջոցառմանը, ինչը նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ, ապրանքներ, արտադրության իրենց կարողությունները, միևնույն ժամանակ նոր գործընկերներ գտնելու և շուկաներ ընդլայնելու ցանկություն։ Մենք աջակցում ենք նման միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, քաջ գիտակցելով, որ բիզնես միջավայրի ձևավորման առումով նման ձեռնարկումներն ունեն էական նշանակություն»։
ՀՀ վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին և դրանց արտադրանքին։
Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանի, Լեռանային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություն, ընկերություն և միություն։