հինգշաբթի, 8 մայիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղության տոնի առթիվ: Այս հրաշալի օրը կրկնակի խորհուրդ ունի մեզ համար: Մենք չենք կարող մոռանալ, որ 1945թ.-ի մայիսի 9-ին երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովուրդների տարած մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների, տասնյակ հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության շնորհիվ: Հաղթանակ, որը վերականգնեց խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի անցնելու ժողովուրդների իրավունքը: Մեր նորագույն պատմության փառավոր էջերը գրվեցին նաև արցախյան ազատամարտի խրամատներում: 1992թ.-ի մայիսյան այս օրը Շուշիի ազատագրման պատմական սխրանքը՝ իր իրավունքների համար պայքարելու, ազատ և անկախ ապրելու հայ ժողովրդի կամքի ու վճռականության մի նոր, սքանչելի դրսևորումն էր: Այսօր՝ մոտ ու հեռավոր մեր անցյալի հերոսական դրվագների ոգեկոչումը, խոնարհումը հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև, նաև պարտավորեցնում է բոլորիս արժանիորեն շարունակելու անկախ պետականության ամրապնդման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսության մեջ, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչն ամենամեծ գրավականն է պատերազմի դաշտում նվաճած հաղթանակները պահպանելու:
Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ խաղաղ, ստեղծագործ աշխատանք, և մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր վաղվա օրը կերտելու գործում: