Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 սեպտեմբերի 2009

Սկսվում է 2010թ. պետբյուջեի քննարկումը


Խնայողության ռեժիմը եկող տարի ևս կպահպանվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգին անցնելը վարչապետը դիմել է կառավարության անդամներին. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել «Հրապարակում» հաղորդաշարի վրա, որը հեռարձակվում է Հ1-ով և մշտապես անդրադառնում է այն հարցերին, որոնք գտնվում են կառավարության օրակարգում և մտահոգում են մեր քաղաքացիներին։ Մասնավորապես՝ ոսկու շուկայի, տաքսի ծառայությունների խնդիրները, անձնագրերի և վիզաների վարչության աշխատանքը, ինչպես են ընթանում գերեզմանատների գործառույթները, և այս հարցերում մեր հետևողական աշխատանքը դրական արդյունք է տվել։ Իհարկե, խնդիրները դեռևս ամբողջությամբ լուծված չեն, բայց այն ոլորտներում, որոնք եղել են մեր ուշադրության կենտրոնում և որոնց անդրադարձել է այս հեռուստատեսային հաղորդումը, ցույց են տալիս, որ եթե հետևողական լինենք, կկարողանանք կտրուկ բարելավել այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին։ Ես այս խնդիրները ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, որովհետև վերջին իրադարձությունը, որ տեղի ունեցավ Սիսիանում, մանկապարտեզում, երբ արձանագրվել էր երեխաների թունավորման արտառոց մի իրավիճակ, բոլորիս պետք է մտահոգի, և մենք պետք է քննարկենք, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է ձեռնարկենք, որպեսզի ապագայում թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում բացառենք նման դեպքերն ընդհանրապես։ Սիսիանում տեղի ունեցածը նշանակում է, որ մենք դեռևս խնդիր ունենք, և այն պետք է դառնա մեր քննարկման առարկան, հանրությանը պետք է տանք հստակ պատասխան, թե կառավարությունը լրացուցիչ ինչ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ ռիսկը հասցնի նվազագույնի։ Այդ պատճառով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները համատեղ քննարկեն այս հարցը, ճիշտ կլինի նաև քաղաքապետարանի մասնակցությունը։ Տեսնենք թե ինչ վիճակ է այսօր դպրոցներում, մանկապարտեզներում և ինչ անելիք ունենք, որպեսզի Սիսիանի դեպքը չկրկնվի։ Եւ հանրությանն էլ տեղյակ կպահենք ձեռնարկված միջոցների և այդ ռիսկերի նվազեցման մասին»։

Արձանագրային որոշումներ

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկշաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ և ժամանակացույցի համաձայն ՀՀ վարչապետի մոտ սկսել պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումը։
ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը, դրա ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրին և 2010-2012թթ. գործողությունների ծրագրին՝ ֆինանսական գնահատմամբ։ 2005թ. ԱՀԿ նախաձեռնությամբ Եվրոպական տարածաշրջանի առողջապահության նախարարների կոմիտեն հաստատել է «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը», որի մշակմանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանը։ Փաստաթղթի ներդրմամբ ակնկալվում է համապարփակ լուծում տալ մի շարք խնդիրների, որոնցից են երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավումը, տարիքին համապատասխան աճի և զարգացման ապահովումը, պատվաստումով ընդգրկվածության բարձրացումը և հիվանդության կանխարգելումը, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցումը, հաշմանդամության կանխարգելումը և այլն։ Գործադիրի հավանությանն է արժանացել հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման նոր մեխանիզմների սահմանման հայեցակարգը, որի նպատակն է ապահովել հարկ վճարողների իրազեկվածության և օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը՝ հարկային և մաքսային օրենսդրության դրույթների պարզաբանման մատչելի և պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պետական հատվածի կառավարման և վարչական բարեփոխման հայեցակարգին», որի հիմնական նպատակը հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով պետական կառավարման արդյունավետության և հանրային հատվածի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ ՀՀ վարչապետը նշել է. «Ես ուզում եմ արձանագրել, որ այս կետը բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրից, և մենք պարտավոր ենք, այս հայեցակարգը ընդունելով, երեք տարիների ընթացքում այն ամբողջությամբ ներդնել Հայաստանում։ Որոշ աշխատանքներ արդեն սկսել ենք։ Նկատի ունեմ այն, որ նախարարությունները ներկայացրեցին իրենց ծրագրերի առաջին վեց ամիսների հաշվետվությունները, կատարողականի նոր գնահատականներ տրվեցին, մեթոդաբանություն ներդրվեց։ Այս ամենը կատարվում է հենց այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում ներառված կետը՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, մենք ի վիճակի կլինենք ամբողջությամբ իրականացնել»։
Կառավարության հավանությանն են արժանացել նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Դրանց էությունն այն է, որ հարկային և մաքսային մարմիններն իրավասություն ունենան պարզաբանումներ տրամադրել օրենսդրության կիրառման վերաբերյալ և հարկային ու մաքսային օրենսդրության դրույթների մեկնաբանման մատչելի և պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով ապահովել հարկ վճարողների իրազեկվածության և օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը։ Հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, ուղղված է մեր երկրի շահերի պաշտպանությանը և հարկ վճարողների համար ստեղծում է հավասար պայմաններ։ Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Սույն օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Վճարումներ և ծախսեր

ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին, ինչպես նաև վերաբաշխել ՀՀ 2009թ. պետբյուջեն, փոփոխել ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշումը։ Դրանով առաջարկվում է փոխհատուցել միավորման անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների 2008թ. տարեկան գործունեության արդյունքով առաջացած, սակայն ՀՀ 2008թ. պետբյուջեից չփոխհատուցված, ինչպես նաև 2009թ. գործունեության արդյունքով առաջանալիք ԱԱՀ և պարտադիր սոցապահովության վճարի գծով կատարված (կատարվելիք) մուծումները։ Այդ նպատակով առաջարկվել է «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ին տրամադրելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել ոչ ավելի, քան 53,8 մլն դրամ։ Կառավարությունը փոփոխել և լրացրել է նախկինում ընդունած իր երկու որոշումները, ևս երկու որոշում ուժը կորցրած ճանաչել։ Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների՝ ՀՀ-ից մեկնելու, տեղաշարժի և ՀՀ վերադառնալու կապակցությամբ տրանսպորտային միջոցներից օգտվելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմներն առ այսօր հիմնականում կարգավորվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով։ Որոշումը հնարավորություն կընձեռի լիարժեք կարգավորել գործընթացը, ինչպես նաև սահմանված կարգով տնօրինել պետական բյուջեից այդ նպատակով հատկացված միջոցները։ ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված նախատեսվող գումարի չափերը կանոնակարգելու նպատակով գործադիրը որոշում է ընդունել ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին, հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման խնդիրը։ Եվս երկու որոշումով կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներում և դրանից մեկով Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող աշխատանքների կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների արդյունքում տնտեսած և Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան գյուղում դպրոցի շենքի կառուցման մրցույթի արդյունքի բողոքարկման, ինչպես նաև կլիմայական պատճառներով այս տարի չիրացվող գումարները ուղղել բյուջեի «Հիմնական բաժիններին չդասվող պահեստային ֆոնդեր», այդ թվում՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Մյուս որոշմամբ գործադիրը «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացում և պարգևավճարների տրամադրում» ծրագրի չորրորդ եռամսյակի պարգևավճարների՝ բոնուսների համար նախատեսված 543500.0 հազ. դրամը տեղափոխել է 2009թ. երրորդ եռամսյակ, քանի որ 9 ամսում նախատեսված գումարը բավարար չէ ապահովելու քաղաքացիներին տրվող պարգևավճարները։ Այս որոշման առնչությամբ վարչապետ Տիգրանն Սարգսյանն ասել է. «Այս որոշումով, փաստորեն, արձանագրում ենք, որ մեր սպասածից շատ ավելի մեծ հոսք կա դեպի Պետական եկամուտների կոմիտե։ 50 հազար քաղաքացի ստացել է և ստանալու է բոնուսները։ Նաև արձանագրում ենք, որ պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ։ Հասկանալի է, որ այս գործառույթն էապես նպաստում է ստվերային տնտեսության նվազմանը և ՊԵԿ-ը մեր քաղաքացիների աջակցության շնորհիվ էապես ընդլայնում է այն ոլորտները, որոնք ներառվում են հարկային դաշտ։ Եվ մենք կանխատեսում ենք, որ չորրորդ եռամսյակում նույնպես այս հոսքը ավելանալու է և մենք ավելացնելու ենք գումարները, որոնք բոնուսների ձևով տրամադրվում են մեր քաղաքացիներին։ Սայլը տեղից շարժվեց, կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետև պահանջում են, որպեսզի ՀԴՄ-ները աշխատեն և իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց։ Իհարկե, մենք արդյունքում կտրուկ ավելացնում ենք բյուջետային ծախսերը, բայց մյուս կողմից էլ կտրուկ ավելանում են մուտքերը, որոնք նախկինում չէինք կարողանում ապահովել։ Դրա համար անհրաժեշտ է գումարները չորրորդ եռամսյակից տեղափոխել երրորդ եռամսյակ։ Նաև ենթադրվում է, որ 2010թ. առաջին եռամսյակում էլ պետք է արդեն լուրջ միջոցներ նախատեսենք, որովհետև առևտուրը չորրորդ եռամսյակում միշտ շատ ավելի մեծ ծավալների է հասնում։ Դա նշանակում է, որ առաջին եռամսյակում մենք արդեն 50 հազարից ավելի քաղաքացիներ կունենանք, որոնք կստանան բոնուսներ»։

Պաշարների արդյունավետ օգտագործում

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և ջրօգտագործման արդյունավետության, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության պայմանների կատարման երաշխիքի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հստակեցվել է ջրօգտագործման հայտի, դրան կից փաթեթի և հայտի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ցանկի ոչ լիարժեք լինելու պատճառով ձկնատնտեսական նպատակով ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործումը Արարատյան դաշտավայրում հանգեցնում էր գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կորստի։ Ընդունված որոշմամբ այս հարցն ստանում է իր լուծումը։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին երեք որոշումներում և ուժը կորցրած ճանաչելով մեկ այլ որոշում, գործադիրը «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ կանոնադրությունը հաստատելու լիազորությունը վերապահել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին։ Որոշման ընդունմամբ վերանում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի հակասությունները և անհարկի կրկնությունները։ ՀՀ կառավարությունը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներում և «Կանաչազարդ երկիր» ՀԿ կողմից հիմնադրված տնկարանային տնտեսությունները պահպանելու և գործունեությունը շարունակելու, ինչպես նաև կանաչ գոտիների ավելացման նպատակով նշված ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում հատկացնել 4000,0 հազ. դրամ։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հաստատել է միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման համար կրկնակի անցկացված մրցույթի արդյունքները։ Առաջին մրցույթի հաղթողը ձախողել է համապատասխան պայմանագրի կնքումը, ինչի հետևանքով անցկացվել է երկրորդ մրցույթը, որի հաղթող է ճանաչվել «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն։ Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով անցկացված և սույն ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղի ՕԿՋ-ների, պոմպակայանի և Նորաբաց-Ղուկասավան ջրատարների առաջին հատվածի կառուցման աշխատանքները» մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Աշոցք» ՍՊԸ - «Կապավոր» ՍՊԸ կոնսորցիումը, «Աբովյան քաղաքի և տարածաշրջանի Քարաշամբ և Քաղսի գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով «Ագաթ 777» ՍՊԸ - «ՇՄՇ-23» ԲԲԸ կոնսորցիումը։ Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կարճաժամկետ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագրով ՀՀ և ՖՀ քաղաքացիներն իրենց երկրի դիվանագիտական անձնագրով առանց արտոնագրի կարող են մուտք գործել մյուս կողմի պետության տարածք՝ առաջին մուտքի օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տևողությունը չգերազանցող մեկ չընդհատվող կամ բազմակի այցերով։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև թմրանյութերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցելու նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու 9-րդ և 10-րդ արձանագրությունները ստորագրելու առաջարկությանը։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ամերիկյան կողմը։ Արձանագրության համաձայն ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում ոլորտի մի շարք ծրագրերի իրականացման համար։ Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարությանը կհատկացվի 2.205.998 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական աջակցություն, ինչը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ քրեադատավարական օրենսդրության կատարելագործման, ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ սփյուռքի նախարարությանը հայերեն և անգլերեն հրատարակել Հայրենիք-Սփյուռք գործակցության վերաբերյալ պաշտոնական նյութերի ժողովածուն և հաստատել է դրա հրատարակման ծախսը։ Ժողովածուի մեջ ընդգրկված են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնական ելույթները, սփյուռքահայ համայնքներ այցելությունների ամփոփագրերը, ինչպես նաև սփյուռքի նախարարության պաշտոնական ծրագրերի և ընդունած որոշումների հակիրճ բնութագրությունը։ Իր նիստում կառավարությունը որոշել է ստեղծել «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ դրա կառավարման, ինչպես նաև օրենքով սահմանված մի շարք այլ լիազորությունները վերապահելով ՀՀ Արմավիրի մարզպետին։
Կառավարությունն իր նիստում թույլատրել է «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ կողմից ներմուծված Ա-319 մակնիշի օդանավի նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2017թ. մարտի 17-ը։
Նիստի ավարտին հիշեցվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ս.թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է շաբաթ՝ սեպտեմբերի 12-ը։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ