հինգշաբթի, 15 մայիսի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռոբերթսոնին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նշելով, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության հաստատման, հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման և անվտանգության երաշխիքների ստեղծման օգտին, վարչապետը այդ խնդիրների լուծման մեջ կարևորել է նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի վարած հավասարակշռված քաղաքականության դերը: Նա բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի դերակատարությունը, մասնավորապես, հետխորհրդային շրջանում աշխարհում առճակատումից դեպի համագործակցություն շրջադարձ կատարելու գործում: Խաղաղության ու կայունության, փոխըմբռնման մթնոլորտի հաստատմանը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, մեծապես կարող է նպաստել նաև տարածաշրջանի պետությունների տնտեսական զարգացումը, նրանց միջև տնտեսական կապերի ու հարաբերությունների խթանումը, ինչը նախադրյալներ կստեղծի տարածաշրջանային խնդիրների ավելի արագ լուծման համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում առկա մակրոտնտեսական ցուցանիշները վստահություն են ներշնչում, որ մեր երկիրը կկարողանա առաջիկայում հաջողությամբ մասնակցություն ունենալ ինչպես «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) շրջանակում, այնպես էլ միջազգային այլ կառույցների հետ համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Այս տեսանկյունից, վարչապետը հավաստել է ՆԱՏՕ-ի հետ ԳՀԽ ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Ընդգծելով Հայաստանի մասնակցության կարևորությունը ՆԱՏՕ-ի և Եվրաատլանտյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, Ջորջ Ռոբերթսոնը նշել է, որ կովկասյան տարածաշրջանի դերը մեծ է, ընդհանրապես, Եվրասիայում կայունության ապահովման գործում: Նա գոհունակություն է հայտնել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունն ակտիվացնելու Հայաստանի պատրաստակամության համար և շնորհակալություն հայտնել այս տարվա հունիսին Հայաստանում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններ կազմակերպելու առթիվ, ընդգծելով, որ դա, ընդհանուր առմամբ, շատ օգտակար կլինի ոչ միայն տարածաշրջանի համար, այլև հենց իր՝ Հայաստանի համար: