չորեքշաբթի, 16 սեպտեմբերի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում մասնակցել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի պատրաստած «2009թ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին։
Զեկույցում գնահատվել է Հայաստանի նորարարության կատարողականը տարբեր երկրների համեմատությամբ, կարևորվել նորարարության առանձնահատուկ դերը գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործընթացում։ Այն նպատակ ունի օժանդակել մասնավոր և հանրային հատվածների միջև ընդգրկուն քննարկումների կայացմանը և արդյունավետ նորարարական ազգային համակարգի ձևավորմանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, նշել է. «Հետաքրքրական են այն օրինակները, որոնք զետեղված են զեկույցում և այն երկրների փորձը, որոնք հասել են հաջողության, և ամեն մի երկիր գտել է հաջողության հասնելու իր ուրույն բանաձևը, թե ինչպես կարելի է խթանել նորարարությունը, ինչպես կարելի է ապահովել նորարարության և տնտեսության կապը, թե ինչ գործիքներով կարելի է կառուցել արտադրության և նորաստեղծության միջև համագործակցությունը, լրացնել այն բացը, որն այսօր առկա է մեր հանրապետությունում»։
Ըստ ՀՀ վարչապետի` չնայած համաշխարհային ճգնաժամի հարուցած հետևանքներին` ՀՀ կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի պատվով հաղթահարի այս փորձությունը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ զեկույցը տարբեր ծրագրերում կհանդիսանա լուրջ բարեփոխումների խթան։