ուրբաթ, 18 սեպտեմբերի 2009
Այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի 12-րդ` ընդլայնված նիստը, որը նախագահել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում ընգրված են եղել Հայաստանի և համաշխարհային տնտեսության զարգացման միտումների քննարկումը, համահայկական ցանցի ստեղծման և զարգացման նախագծերի ներկայացումը, ինչպես նաև մրցունակության հիմնադրամի ծրագրային հաշվետվության, կանոնադրության և գործառնական ընթացակարգերի հաստատումը։ Նիստին մասնակցել են Հայաստանի մասնավոր ոլորտի և դոնոր համայնքի ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, խոսել է Հայաստանի մրցունակության բարձրացման հնարավորությունների և այդ ոլորտում կառավարության անելիքների մասին։ Նիստին մասնակցել է նաև Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար Լի Կվան Յուն` Սինգապուրի նախկին վարչապետն ու այդ երկրի տնտեսական հրաշքի հեղինակը։ Նա ներկայացրել է Սինգապուրի ազգային մրցունակությանն ուղղված քայլերից քաղված դասերը։
Կարևորելով նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նիստի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ, ավագ նախարար Լի Կուան Յունը, և բացառիկ հնարավորություն է հիմնադրամի համար անցկացնել քննարկումներ այն հարցերի վերաբերյալ, որոնք խորհրդի ուշադրության կենտրոնում են։ Սա նաև հնարավորություն է մեզ համար ներկայացնելու հիմնադրամի առաքելությունը։ Հիմնադրամի խորհուրդն իր աշխատանքն սկսեց նրանից, որ փորձ կատարվեց հստակեցնել նոր հայեցակարգը. հիմնական գաղափարախոությունը հիմնված է մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի վրա, և ազգային մրցունակության հիմնադրամը նոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պետությանը մասնավոր հատվածի հետ իրականացնել լուրջ ծրագրեր` աշխահին ցույց տալու հայության և Հայաստանի դերն այսօր և ապագայում։ Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում, ինչպիսին են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ ինչպես կարող ենք ավելացնել ազգի մրցունակությունը»։
Սինգապուրի ավագ նախարարի խոսքով Հայաստանը պետք է կարողանա «ցատկ կատարել» տարածաշրջանի երկրների վրայով ու անցնել զարգացման որակապես նոր աստիճանի, և օգտագործել հայկական սփյուռքի ներուժը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուն պատասխանել են նաև լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին։