շաբաթ, 19 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը կրող իրավաբանների համահայկական առաջին համաժողովին, որի նպատակն է հայոց պետականության ամրապնդման հարցում հայ իրավաբանների ներուժի համախմբումը, գիտակրթական և մասնագիտական համահայկական իրավաբանական խնդիրների վերհանումը և քննարկումը, իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծումը։
Ողջունելով ներկաներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է իրավաբանների ներուժի համախմբման ու ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին. «Ժամանակակից աշխարհը միայն պետությունների մրցակցության աշխարհ չէ, այլ նաև քաղաքակրթություների մրցակցության աշխարհ և «Հայկական քաղաքակրթության» բացահայտման, նրա զարգացման միտումները պետք է դառնան ոչ միայն փիլիսոփաների, այլ նաև իրավաբանների քննարկման առարկան, …։ Հանրապետության նախագահը հանդես է եկել համարձակ նախաձեռնություններով` լուծելու մեզ մտահոգող, մեր ազգի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը։ Այդ խնդիրը վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին։ Անհրաժեշտ է և քաղաքական կամք և իմաստնություն և համախմբում։ Այս բնագավառում ևս կան լուրջ խնդիրներ, որոնք ծառացած են իրավագետների առջև։ Համոզված եմ, որ այս համաժողովի ընթացքում կկարողանանք հստակ ձևակերպել մեր անելիքները։ Արդիական են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրների իրավական ձևակերպումները և մենք այստեղ պետք է ուժեղացնենք մեր կարողությունները»։
Համաժողովին մասնակցել են նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 60 հայ իրավաբաններ։