երեքշաբթի, 22 սեպտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Գունար Վիգանդի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների հետ շփումները և այդ համատեքստում այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 10-րդ նիստի անցկացումը։
Կողմերը կարևորել են ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ Նշվել է, որ տարեսկզբին Եվրոպական հանձնաժողովն իրականացրել է անկախ փորձագիտական հետազոտություն, որի եզրակացություններում նպատակահարմար է գտնվում Հայաստանին ներկայացնել համապարփակ և խորացված ազատ առևտրի համաձայնագրի կնքման առաջարկություն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է և շահագրգիռ` արդյունավետորեն համագործակցել Եվրոպական հանձնաժողովի հետ` առևտրի ոլորտին առնչվող օրենքների և հարկային ու մաքսային վարչարարության համակարգված աշխատանքների լավագույնս իրականացման համար, որոնք համահունչ են կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումների տրամաբանությանը։
Երկուստեք կարևորվել է մի շարք ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, պետական կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման շարունակականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, մեր երկրին տրամադրվելիք օժանդակությանը, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրներին։