երեքշաբթի, 20 մայիսի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովին: Հանդիպման ընթացքում ընդգծելով հայ-ռուսական քաղաքական և տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը կարևորել են նաև առանձին ոլորտներում գերատեսչությունների միջև համագործակցության հետագա զարգացումը:
Բորիս Գրիզլովն ու Անդրանիկ Մարգարյանը անդրադարձել են այն սերտ փոխգործակցությանը, որ հաստատվել է ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև այն, որ երկու գերատեսչությունները ակտիվորեն համագործակցում են ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում, բացի այդ, զգալի աշխատանքներ են կատարվում երկկողմ կապերի սերտացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ոլորտներ, կողմերը նշել են ահաբեկչության, թմրաբիզնեսի, անլեգալ միգրացիայի դեմ պայքարը, համագործակցությունը կադրերի պատրաստման գործում և այլն: ՌԴ նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարիներին ձեռքբերված փորձի հիման վրա մշակվում է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2004 թ. աշխատանքների ծրագիրը:
Հանդիպման ժամանակ Բորիս Գրիզլովը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մտքեր են փոխանակել նաև ՌԴ-ում և Հայաստանում քաղաքական ազդեցիկ ուժ ներկայացնող՝ իրենց ղեկավարած «Եդինայա Ռոսսիյա» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև համագործակցության խորացման շուրջ: Ըստ վարչապետի, դա թելադրվում է նաև ՌԴ-ում հայկական մեծաթիվ համայնքի գոյությամբ, որը նույնպես կարող է նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը: Բորիս Գրիզլովը Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է «Եդինայա Ռոսսիյայի» անցած քաղաքական ուղին և առաջիկա ծրագրերը: Խոսելով տարեվերջին ՌԴ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական միջոցառումների մասին՝ նա նշել է, որ նախատեսվում է աշնանը կայանալիք կուսակցության համագումարին մասնակցելու համար հրավիրել նաև ՀՀԿ պատվիրակությանը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս կարևորելով «Եդինայա Ռոսսիյայի» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության կապերի հետագա սերտացումը, ընդգծել է, որ ՀՀԿ-ն միջկուսակցական համագործակցության շրջանակներում կապեր է հաստատել նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունների հետ, բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի, Չեխիայի, Հունաստանի և մի շարք այլ երկրների ազդեցիկ քաղաքական ուժերի հետ՝ ի շահ պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության հետագա զարգացման: