երկուշաբթի, 28 սեպտեմբերի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2010թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 183.0 մլրդ դրամ։
Հայաստանի Հանրապետության համայնքների 2010 թվականի բյուջեները եկամուտների և ծախսերի գծով կկազմեն 82,3 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները)։
Նախագծով առաջարկվել է ՀՀ 2010թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 676,6 մլրդ դրամ, ծախսերի գծով` 859,6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 183 մլրդ րամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մեկ անգամ ևս քննության առնել վերջինիս առաջարկները և հնարավորության սահմաններում հաշվի առնել դրանք, ինչպես նաև խմբագրական որոշ փոփոխություններ կատարել` Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Արեյանի առաջարկին համապատասխան։
Փաստաթուղթը ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթի հետ միասին, սահմանված ժամկետում, կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նիստում հավանություն է տրվել 2010թ. առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագրին և 2010 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի ցանկի նախագծին, Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագրին, Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին, ինչպես նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագրին։
Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով հավանություն է տրվել գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նախագծերին ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2010 թվականի պետական ծրագրի նախագծին։
Մի շարք օրենքների նախածերով գործադիրը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրին, հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2010 թվականի ծրագրին» և «Գյումրի քաղաքի վերականգնման 2010 թվականի ծրագրին»։