երեքշաբթի, 29 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում ընթացող «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում-ներկա վիճակը և խնդիրները» թեմայով գիտաժողովի հատուկ նստաշրջանին։
ՀՀ վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՏՏ զարգացումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություներից է և պետք է իրականացվեն լուրջ միջոցառումներ, որպեսզի ՏՏ բնագավառի զարգացման համար ստեղծվի բարենպաստ միջավայր։ Վարչապետը նշել է, որ դեռևս լուրջ անելիքներ կան ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ. «Առաջին հերթին ենթակառուցվածքների թերություններն ազդում են տեղեկատվության հաղորդման արագության վրա։ Այդ ուղղությամբ մենք ունենք նոր ներդրումային ծրագրեր»։ Նա նշել է, որ GEANT2 ցանցին միանալը և CSIRT hամակարգի ներդրումը բացառիկ հնարավորություն է ստեղծում Հայաստանի գիտնականների համար։ Կարևորելով գիտաժողովի անցկացումը ՀՀ վարչապետն ասել է, որ դրա ընթացքում առաջ կքաշվեն նոր գաղափարներ և կստեղծվեն նոր կապեր Հայաստանի և այլ երկրների գիտնականների միջև։ ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է կրթության, ուսանողների ու մասնագետների պատրաստման և վերապատրաստման խնդիրները։
Ամփոփելով խոսքը` ՀՀ վարչապետը գիտաժողովին մաղթել է արդյունավետ ընթացք։